Virgin Galactic-ը տիեզերական զբոսաշրջիկներ դառնալ ցանկացողների թվի աճ է արձանագրել
Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերությունը կանոնավոր տուրիստական ենթաուղեծրային թռիչքների համար SpaceShipTwo շարքի տիեզերանավերում հայտնվել ցանկացողների թվի կայուն աճ է արձանագրում: Մինչեւ 2023 թվականը պլանավորվում է կառուցել հինգ նման սարք: Այդ մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Virgin Galactic-ի գլխավոր տնօրեն Ջորջ Ուայթսայդսը։
«Ապագա տորմիղի կառուցումը հսկայական նշանակություն ունի: Երեկ հայտարարվել է (նախագծի իրագործման) կարեւորագույն փուլանիշի՝ կոնստրուկցիայի հիմնական բաղադրիչների հավաքումն ավարտելու մասին»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենը:
«Մենք պլանավորում ենք հինգ տիեզերանավ կառուցել մինչեւ 2023 թվականը եւ ձգտում ենք զգալի առաջընթացի հասնել այդ նպատակին տանող ճանապարհին»,-նշել է Ուայթսայդսը, հիշեցնելով, որ ներկայում ձեռնարկության հիմնական ջանքերն ուղղված են SpaceShipTwo-ին փոխարինողի՝ Unity-ի փորձարկումներն ավարտելուն: Ենթաուղեծիր շրջագայության ուղեւորվել ցանկացողների թիվը «յուրաքանչյուր ամիս շարունակում է աստիճանաբար ավելանալ», նշել է Virgin Galactic-ի գլխավոր տնօրենը:
«Մենք (կանոնավոր թռիչքների) տոմսերի վաճառքը կվերսկսենք այս տարի ավելի ուշ»,-տեղեկացրել է նա: Բանն այն է, որ Բրենսոնի ընկերությունը 603 հայտ էր ստացել ապագա տուրիստական թռիչքների համար, սակայն ստիպված է եղել ամրագրումը կասեցնել օբյեկտիվ հանգամանքների պատճառով: 2014 թվականի հոկտեմբերին աղետի էր ենթարկվել Enterprise առաջին փորձարարական տիեզերաթիռներից մեկը, որն այդպես է կոչվել «Աստղային ճանապարհ» հեռուստասերիալից տիեզերանավի օրինակով, ընդ որում օդաչուներից մեկը զոհվել էր, երկրորդն ուսի ծանր վնասվածք էր ստացել պարաշյուտով վայրէջք կատարելիս:
Այդ ժամանակվանից Virgin Galactic-ը տիեզերանավի երկու հաջող փորձնական թռիչք է իրականացրել հինգ փորձարարների մասնակցությամբ: Ընկերությունը, հրապարակելով 2019 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվությունը, տեղեկացրել է ենթաուղեծիր թռիչքների համար տեղեր ձեռք բերելու հարցում շահագրգռված մասնավոր անձանցից 3557 ծանուցում ստանալու մասին:
Ուայթսայդսը, Morgan Stanley բանկի կողմից կազմակերպված պրոֆիլային համաժողովում զրուցելով հնարավոր ներդրողների հետ, հայտարարել է, որ պահանջարկի այս աճն ընկերությանը թույլ կտա զգալիորեն բարձրացնել տոմսի արժեքը, որն այժմ մեկ մարդու համար կազմում է 250 հազար դոլար: Unity-ը մեկնարկում է 16 կիլոմետր բարձրության վրա, բաժանվելով թափառքի ինքնաթիռից: Այն թռիչքում անցկացնում է ավելի քան երկու ժամ եւ կարող է վերցնել մինչեւ վեց ուղեւոր: Նրանց հնարավորություն է տրվում Երկիրը դիտել 10 կիլոմետր բարձրությունից եւ անկշռելիության վիճակում լինել մի քանի րոպե, հաղորդել է ՏԱՍՍ-ը: