Բաժիններ՝

Էքզյուպերի, Ռեմարկ, Ֆիլ Նայթ. հայերեն կթարգմանվեն համաշխարհային բեսթսելերներ

2020 թվականին հայալեզու ընթերցողները հնարավորություն կունենան կարդալ համաշխարհային հեղինակների հայտնի գեղարվեստական ստեղծագործություններ և մոտիվացիոն գրքեր, որոնք մեծ պահանջարկ ունեն միջազգային հարթակներում:

«Էդիթ պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները:

Մինչև ընթացիկ ամսվա ավարտը կներկայացվի ամերիկացի բիզնեսմեն, Nike ընկերության հիմնադիր, մագնատ, բարերար, Forbes-ի կողմից աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնված Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» գիրքը: New York Times-ի այս բեսթսելերը ներկայացնում է Nike ընկերության հիմնադրի անցած ուղին, որը լի է եղել փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացել է այդ ամենը պատվով հաղթահարել:

Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույս ընծայումից հետո հաջորդ բարերարը, որի մասին հրատարակչությունը գիրք կներկայացնի, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցն է: Վերջինս համարվել է իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո.» ընկերությունը, որը 20-րդ դարասկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։

Հասանելի կլինի նաև ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդ» ստեղծագործությունը: Այն «Փոքրիկ իշխանը» գրքի հեղինակի ամենասիրելի ու վերջին գործն է, որն անավարտ է մնացել:

Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կհանձնվի նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթողը»: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլյացիայով և աճող նացիոնալիզմով: Այս վեպն առաջին անգամ է հրատարակվելու բնագրային ամբողջական թարգմանությամբ:

Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի ստեղծագործություններն առաջին անգամ հեղինակային իրավունքով և հայերեն թարգմանությամբ դրվելու են ընթերցողի սեղանին: 2020-ի ընթացքում հայ գրքասերը Քրիստիից ևս 5 ստեղծագործություն կընթերցի:

Հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր, որոնք օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում:

Մանուկներին ևս սպասում են անակնկալներ՝ հեքիաթների ժողովածուների տեսքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս