«Սա դասական շորթման հանցակազմի դրսևորում է. Հետևանքներն անկառավարելի կարող են լինել». Արամ Վարդևանյանը՝ ՍԴ դատավորներին ուժով հրաժարականի դրդելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում է լինելու, որով փորձելու են հասնել նրան, որ այդ դատավորները հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են «վաղ կենսաթոշակի անցնելու մասին» օրենքից, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի դեկտեմբերի 26-ին՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ օրենքը ստորագրելուց հետո:

168.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել երկու դատավորի նախկինում ունեցած արտաամուսնական կապերի մասին, որոնցով այժմ ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ, եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում:

Սահմանադրագետ, իրավաբան Արամ Վարդևանյանի վրա այս տեղեկությունը Քրեական օրենսգրքի տիրույթում գտնվող, դասական շորթման դրսևորման տպավորություն է թողել:

«Եթե դու անձին փորձում ես իր վերաբերյալ տեղեկություններով արատավորել կամ ճնշել և դրանով ես փորձում որոշակի արդյունքի հասնել, դա հենց շորթման հանցակազմի դրսևորում է: Եթե Սահմանադրական դատարանի դատավորների հետ փոխհարաբերություններում պետք է նման երևույթներ նկատենք, ապա մենք շատ-շատ-շատ լուրջ ռիսկային միջավայր ենք ստեղծում առհասարակ իրավապաշտպանության տեսանկյունից: Մենք իրավական պետության տեսանկյունից ունենում ենք այնպիսի իրավիճակ, որի հետևանքներն անկառավարելի կարող են լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետը:

Ըստ Արամ Վարդևանյանի՝ եթե մի կողմ թողնենք շատ հարցեր, անգամ իր կարծիքը, թե Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքում Սահմանադրությանը հակասող և անվավեր դրույթներ կան, ապա պետք է մշտապես հիշել օրենքի բոլոր հեղինակների այն պնդումը, թե վաղաժամ կենսաթոշակի գաղափարի հիմքում դրված է կամավորության սկզբունքը:

«Մենք ի՞նչ կամավորության մասին ենք խոսում: Կամավորության հետ կապված ռիսկերը ի հայտ եկան նաև այն ժամանակ, երբ օրենքը՝ ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, մտավ ուժի մեջ, ու ժամեր անց մամուլում հրապարակվեց, որ ԱԱԾ ներկայացուցիչներ են մուտք գործել Սահմանադրական դատարան: Դա առաջին, շատ ռիսկային ազդակն էր, որ մենք այստեղ որևէ գործ չունենք կամավորության հետ: 168.am-ի այս հրապարակումն էլ ավելի մտահոգիչ է»,- ասաց Ա. Վարդևանյանը:

Սահմանադրագետի դիտարկմամբ՝ անհնար է պատկերացնել, որ պետական մի մարմինը մեկ այլ մարմնի հետ կարող է մտնել այնպիսի հարաբերակցության մեջ, որում շորթման հանցակազմ կարող է լինել: Նկատում է՝ ինչքան էլ ցանկալի է, որ շորթման դրսևորումները բացակայեն մարդկանց կյանքից, Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում դրանք առհասարակ պետք է տեղ չունենան: Պարզ ասած՝ պետք է արգելված երևույթ լինեն:

Սահմանադրագետից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք բարձր դատարանի շուրջ ծավալվող նման երևույթները ժողովրդի աչքում կամ միջազգային հանրության շրջանում կարող են դատարանի կամ դատավորների վարկանիշների վրա բացասական ազդեցություն ունենալ:

«Սահմանադրական դատարանի վարկանիշի տեսանկյունից ես ռիսկ չեմ տեսնում: Միգուցե սրանով դատարանի վարկանիշը բարձրանում է, որովհետև, ի վերջո, նման պայմաններում, արդեն մի քանի ամիս Սահմանադրական դատարանն իր բնականոն գործունեությունն ապահովում է»,- հարցին ի պատասխան՝ ասաց Վարդևանյանը:

Սահմանադրագետը վստահեցնում է, եթե փաստաբանների հետ խոսենք, բոլորը կփաստեն, որ Սահմանադրական դատարանի վերջին շրջանում ընդունած որոշումների որակը և կշիռն իրավունքի պաշտպանության տեսանկյունից բավականին լուրջ նշանակություն և դրական ազդեդեցություն են ունեցել: Այլ է պետության վարկանիշի հարցը:

«Երբ, օրինակ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հստակ նշում է, որ պետք է այս գործընթացը լինի կամավորության սկզբունքի հիման վրա, ու հանկարծ պարզվում է, որ նման գործողություններ են տեղի ունենում, սա վտանգավոր երևույթ է երկրի հեղինակության տեսանկյունից»,- ասաց Վարդևանյանը՝ հույս հայտնելով, որ իրավասու մարմինները պետք է անմիջապես հերքեն տեղեկությունը, ու նման երևույթները մեր իրականության մեջ առհասարակ տեղ պետք է չունենան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ և մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը լուծելու համար: Գործընթացի համակարգումն էլ դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վրա:

Ըստ hraparak.am-ի՝ ժողովի ընթացքում քննարկվել են դատավորներին հրաժարականի հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին:

Տեսանյութեր

Լրահոս