0.5 տոկոսի չափով թանկացում կլինի. Հրանտ Միքայելյան
«2020 թվականի համար ակնկալվում է, որ տնտեսական աճը կլինի 4.9 տոկոս: Դա ՀՀ Կենտոնական բանկի գնահատականն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կովկասի ինստիտուտի» գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:
Խոսելով սպասվող թանկացումների մասին՝ նա նշեց. «Երբ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում էր ԵԱՏՄ-ին, ապա մոտ 900 ապրանքանիշ ունեցել է զեղչ, եղել են ժամկետներ: Որոշ ժամկետներ անցել են 2016 թվականին, որոշները՝ 2018-ին: Մեծ մասն էլ կանցնի հիմա՝ 2020 թվականի սկզբից, մնացածն էլ՝ 2022 թվականից. սա կբերի ընդհանուր թանկացման 0.5 տոկոսի չափով: Մարտ-ապրիլ ամիսներին արդեն պարզ կլինի:
Իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հացը, շաքարավազը, կարագը, միսը, չեմ կարծում, որ թանկանան: Թռչնամսի դեպքում հնարավոր է՝ բրազիլականը թանկանա, բայց ռուսականը՝ ոչ. կարող է նույնիսկ հայկական թռչնամսի արտադրության աճ լինել»:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ՝ ներդրումների համար խնդիր է փակ ճանապարհը, կարևոր է քաղաքական կայունությունը:
«Տարվա առաջին կեսին տեսել ենք տնտեսական աճի դանդաղեցում, բայց երկրորդ կեսից եղավ մեծ աճ անշարժ գույքի շուկայում և բազմաթիվ այլ ոլորտներում, հատկապես՝ արդյունաբերությունում:
Հանքարդյունաբերությունում աճ տեսել ենք նրա շնորհիվ, որ 2018թ. բազմաթիվ օբյեկտներ չեն աշխատել, 2019թ. սկսեցին նորից աշխատել, և բավականին մեծ աճ կա:
Մշակող արդյունաբերությունում ևս մոտ 10 տոկոսի աճ կա, և դա պայմանավորված է նաև ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ:
Հաշվարկները ցույց են տալիս, որ տարեկան մոտ 1.5 տոկոս տնտեսական աճ է լինում ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում: Տարվա երկրորդ կեսին տեսանք նաև արտահանման մեծ աճ»,- ասաց «Կովկասի ինստիտուտի» գիտաշխատողը:
Նրա խոսքով՝ որոշակի աճ կա տուրիզմի ոլորտում՝ մոտ 12 տոկոս: Հ. Միքայելյանի դիտարկմամբ՝ խաղասրահների և հարակից ոլորտներում ևս աճ է նկատվել. Սա, ըստ նրա՝ կարճաժամկետ է, որովհետև չի կարծում, թե այս աճը շատ երկար կարող է պահպանվել:
«Կառավարութունը պետք է աշխատի այնպես, որ նվազեցնի ու թույլ չտա, որ այս ոլորտն աճի. կարծես միտումներ կան: Բացի սա՝ ժամանակավոր այլ գործոններ էլ կային՝ ստվերից դուրս բերված շրջանառությունը, որը 1 տոկոսով նպաստեց տնտեսության աճին, մեքենաների ներմուծումը, ինչպես նաև որոշակի չգրանցված արտահանումը Ղազախստան և այլ երկրներ»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը: