Եթե Ադբեջանի դեպքում նավթային հատվածը հանենք և ոչ նավթային ՀՆԱ-ն հաշվենք, ապա Հայաստանն Ադրբեջանին ևս անցել է. Հրանտ Միքայելյան

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»:

«Կովկասի ինստիտուտի» գիտաշխատող Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ որպեսզի մենք գնահատենք, թե իսկապես ինչպիսի՞ն է ՀՀ-ի և հարակից երկրների Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), մի քիչ դժվար է միայն մեկ թիվ վերցնել Միջազգային արժութային հիմնադրամից:

«Այդտեղ կան մի քանի խնդիրներ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականից իր ՀՆԱ-ն հաշվում է նոր մեթոդաբանությամբ, որը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2008 թվականին, բայց իմաստն այն է, որ ՀՆԱ չափը մեծացնում է մոտ 7 տոկոսով: Վրաստանն այդ մեթոդաբանությանն անցել է 2019 թվականից, բայց սա Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներում դեռ ներառված չէ: Այսպիսով, Հարավային Կովկասից միայն Հայաստանն ունի այս բոնուսը: Եվ երկրորդ՝ բնակչության ոչ ճշգրիտ հաշվարկ գոյություն ունի: ՀՀ-ում բնակչությունը մի քիչ պակաս է, քան պաշտոնապես հայտարարվել է. 2019թ. սկզբի դրությամբ 2 միլիոն 806 հազար է, իսկ իմ հաշվարկներով՝ 2 միլիոն 801 հազար:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդտեղ բնակչությունն ավելի շատ է, քան պաշտոնապես հայտարարվել է, և դա նշանակում է, որ ՀՀ-ն Վրաստանից առաջ է անցել 2017 թվականին, իսկ այսօրվա դրությամբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 500 դոլարով է առաջ անցնում»,- նշեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանին՝ Հրանտ Միքայելյանը նկատեց. «Ադրբեջանում բնակչությունն ավելի շատ է ուռճացված, իրական բնակչության թիվը 6 միլիոն 170 հազար է, սա նշանակում է, որ Ադրբեջանը ՀՀ-ից առաջ է մոտ 70 տոկոսով, այսինքն, եթե ՀՀ-ում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4500 դոլար, ապա Ադրբեջանում 7700 դոլար է: Սա նշանակում է, որ ՀՀ-ն Ադրբեջանին անցելու հեռանկար մոտակա տարիների ընթացքում չունի: Չնայած, եթե Ադրբեջանի դեպքում նավթային հատվածը հանենք և ոչ նավթային ՀՆԱ-ն հաշվենք, ապա Հայաստանն Ադրբեջանին ևս անցել է:

Ի դեպ, 2019թ. Արցախի Հանրապետությունն անցել է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 4800 դոլար է»:

Տեսանյութեր

Լրահոս