Դանակով անկանոն շարժումներ կատարելով՝ պահանջել է հանձնել տարադրամի կետում եղած գումարները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2020 թվականի հունվարի 04-ին Երևան քաղաքի առևտրի կենտրոններից մեկի անվտանգության աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, ավազակային հարձակում է կատարվել առևտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դանակի գործադրմամբ, տարադրամի փոխանակման կետից ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել տարադրամի փոխանակման կետի տարածք, հարձակվել փոխանակման կետի աշխատակիցներից մեկի վրա և դանակով անկանոն շարժումներ կատարելով՝ պահանջել իրեն հանձնել տարադրամի կետում եղած գումարները, սակայն հանդիպելով փոխանակման կետի՝ հիշյալ աշխատակցի, ինչպես նաև օգնության հասած վերջինիս գործընկերոջ դիմադրությանը՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դեպքի վայրից դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987 թվականին: Վերջինս հայտնաբերվել է և ձերբակալվել՝ տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։
32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: