Իրանի ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել ԱՄՆ-ի հարվածները Սիրիայում և Իրաքում
Իրանը հանդես է եկել Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում եւ Իրաքում «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման դիրքերի ռմբակոծման խիստ քննադատությամբ եւ այդ գրոհները որակել է ահաբեկչության ցուցադրություն: Այդ մասին, ինչպես հայտնել է Press TV իրանական հեռուստաալիքը, դեկտեմբերի 30-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանն ամենայն վճռականությամբ դատապարտում է ավիահարվածները «Քաթայիբ Հըզբոլլահ»-ի դիրքերին եւ այդ հարձակումը դիտարկում է որպես ահաբեկչության ցուցադրություն»,- նշել է Մուսավին: Նա Վաշինգտոնից պահանջել է «անհապաղ դադարեցնել միջամտությունը Իրաքի ներքին գործերին եւ հարգել նրա ինքնիշխանությունը»:
Մինչդեռ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, մեկնաբանելով Իրաքում եւ Սիրիայում «Հըզբոլլահ» շարժման օբյեկտներին ԱՄՆ-զինված ուժերի հարվածները, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ:
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել «Քաթայիբ Հըզբոլլահ» շարժման հինգ օբյեկտների Իրաքում եւ Սիրիայում «ի պատասխան Իրաքի ռազմակայանների վրա կրկնվող գրոհների»:
Պաշտպանական գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ գործողությունները ձեռնարկվել են որպես պատասխան Քիրքուկի մերձակա իրաքյան ռազմակայանի վրա շարժման գրոհների, որոնք հանգեցրել են ԱՄՆ-ի քաղաքացու մահվան եւ չորս ամերիկացի զինծառայողների վիրավորման: Պենտագոնում նշել են, որ այդ հարվածները միտված են այն բանին, որ նվազեցվի կոալիցիայի ուժերի դեմ «ապագայում գրոհներ» իրականացնելու՝ խմբավորման հնարավորությունները: ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին «Հըզբոլլահ»-ին հովանավորելու մեջ:
As Sumaria հեռուստաալիքի տվյալներով՝ շիա մարտիկների թիվը, որոնք զոհվել են Սիրիային սահմանակից Էլ Քայիմ քաղաքում «Քաթայիբ Հըզբոլլահ» իրաքյան խմբավորման հենակետի վրա ԱՄՆ-ի ռրզամաօդային ուժերի հարձակման հետեւանքով, հասել է 25-ի: Եվս 38 աշխարհազորային վիրավորվել է:
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը «Քաթայիբ Հըզբոլլահ»-ի հենակետի վրա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածները որակել է ազգային անկախության խախտում: Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին իր հերթին կոչ է արել՝ Իրաքի ղեկավարության արտակարգ խորհրդակցություն անցկացնել եւ քննարկել ստեղծված իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: