Ովքեր են տասնամյակի ամենահարուստ երաժիշտները
Forbes հանդեսը նշել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտներին: Վարկանիշը հրապարակված է հրատարակության կայքում։ Առաջին տեղում հայտնվել է Dr. Dre-ն: Նշվում է, որ նշանավոր պրոդյուսերն ալբոմներ չի թողարկել 2015 թվականից եւ հյուրախաղերի չի մեկնել հազարամյակի սկզբից ի վեր, սակայն նրան հաջողվել է վաստակել 950 մլն դոլար: Նրա ֆինանսական հաջողությունը կապում են այն բանի հետ, որ ռեփերին է պատկանում Beats ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը, ընկերություն, որը 2014 թվականին ձեռք է բերել Apple-ը:
Երկրորդ հորիզոնականում տեղավորվել է Թեյլոր Սվիֆթը (825 մլն դոլար), երրորդում՝ Բեյոնսեն (685 մլն դոլար): Ճշտվում է, որ երկու արտիստուհիներն էլ փողերի զգալի մասը վաստակել են հյուրախաղերի շնորհիվ: Չորրորդ դիրքն զբաղեցրել է U2 իռլանդական ռոք-խմբի ղեկավար Բոնոն:
Հնգյակը եզրափակել է հիպ-հոպ արտիստ Diddy-ն: Տասնյակում նաեւ տեղ են գտել Էլթոն Ջոնը, Jay-Z-ը, Պոլ Մաքքարթնին, Քեթի Փերրին եւ Լեդի Գագան: Դեկտեմբերին ավելի վաղ Forbes հանդեսը հրապարակել էր տարվա ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը: Առաջին եռյակում հայտնվել են Թեյլոր Սվիֆթը, Քանյե Ուեսթը եւ Էդ Շիրանը: