«Կարծում եմ, որ իրավական հանրությունը ևս կիսում է մտահոգությունս». Գոհար Մելոյան
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որոշակի հարցադրումներ ՌԴ-ում բնակվող հայազգի գործարարի այսօրվա հարցազրույցի ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական պարոն Գոռ Աբրահամյանի կողմից տրված պարզաբանումների վերաբերյալ։
Նախ՝ նախաքննության լրիվության և օբյեկտիվության և դրա նկատմամբ պատշաճ դատախազական հսկողություն ապահովելու գործառույթից ելնելով՝ վկայակոչված ընդամենը ՍԵԿՏ համակարգի ստուգման ուղղված գործողությունից զատ, կարելի էր իրավական փոխօգնությունը կանոնակարգող միջազգային պայմանագրերի հիման ՌԴ համապատասխան հարցում ուղարկել՝ նշված գործարարի հարցաքննությունն անցկացնելու պահանջով։ Առանց նման հարցում ուղարկելու՝ Գլխավոր դատախազության պնդումն այս կան այն տարածքը փաստացի Հրայր Թովմասյանին պատկանելու վերաբերյալ ոչ միայն իրավաչափ չէ, այլև՝ փաստում է նախաքննության միակողմանի և ոչ օբյեկտիվ լինելու հանգամանքը։
Երկրորդ՝ իր հարցազրույցի ընթացքում գործարարը հստակ նշեց, որ իր կողմից նշված տարածքը ձեռք է բերվել 2009 թվականին, ինչը ևս չհերքվեց։ 2009 թվականին Հրայր Թովմասյանը միջազգային կազմակերպության աշխատակից էր, այն էլ՝ բարձր վարձատրվող։ Այդ դեպքում, պարզ է, որ նա չուներ որևէ դրդապատճառ իրեն փաստացի պատկանող տարածքը՝ ՌԴ-ում մշտապես բնակվում իր կնոջ քրոջ ամուսնու անունով ձևակերպելու։
Այս դեպքում ակնհայտ մանիպուլյատիվ կերպով ներկայացված է 2009 թվականին մասնավոր անձանց միջև կնքված գործարքի նկարագրությունը։
Ուշագրավ էր նաև հղումը նախաքննության գաղտնիությանն այն դեպքում, երբ երեկ Գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությունը՝ կոպտորեն խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, համաձայն որի՝ քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, գրեթե ամբողջությամբ բացահայտեց Սահմանադրական դատարանի նախագահին առաջադրված մեղադրանքը բովանդակությունը։
Կարծում եմ, որ իրավական հանրությունը ևս կիսում է մտահոգությունս, առ այն, որ ըստ նպատակահարմության նախաքննության գաղտնիության վրա հղում կատարելը առերևույթ պարունակում է իրավունքի չարաշահման տարրեր»: