Բաժիններ՝

Հայաստան ներկրված մեքենաները, նախկինի պես, գնում են ռուսներն ու ղազախները. Ավտոներկրող

Ավտոներկրողների մի մասն այս պահին Փոթիում և Բաթումում է: Ասում են՝ շատ մեքենաներ կան, որ կոնտեյներից դեռ չեն իջեցրել, և եթե նախկինում նավ հասնելուց հետո մեկ ամսվա ընթացքում մեքենաները ստանում էին ու նեղսրտում, որ հերթ էր, հիմա մեկ ամիս հետո մեքենան ստանում են՝ ուրախանում, որ ավելի երկար չսպասեցին:

Ինչ վերաբերում է Գյումրիում մաքսազերծման համար գոյացող հերթերին՝ ավտոներկրողներից Դավիթ Գասպարյանի փոխանցմամբ՝ հերթը շատ է, բայց արագ ստացվում է մաքսազերծել:

«Ամեն օր մոտ 1000 մեքենա հասցնում են մաքսազերծել: Մինչև գիշերը ժամը 23:00-ն աշխատում են, ու այն, ինչ հիմա ունենք, և այն, ինչ մեզ համար արել են մաքսային մարմինները, շատ մեծ քայլ է, դրանից ավելի ոչինչ չեն կարող անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ավտոներկրողը:

Խոսելով աջ ղեկով մեքենաները Հայաստանում վերասարքավորելու գործընթացի մասին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ  Հայաստանում արդեն մի քանի տեղ կա, որ ղեկը փոխում են, մի քանիսն էլ նախապատրաստական փուլում են. գործիքների, տեխնիկայի  խնդիր կա:

«Ամեն դեպքում Վրաստանում վերասարքավորված մեքենաները բերում էինք Հայաստան ու թերությունները վերացնում»,- նկատեց Դավիթ Գասպարյանը:

Նրա փոխանցմամբ՝ մեքենաները, նախկինի պես, գնում են ռուսներն ու ղազախները:

Հիշեցնենք՝ Կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ ավտոներկրողները կկարողանան հին կարգով վաճառել իրենց մեքենաները. հունվարի 1-ին ուժի մեջ մտնող որոշման ժամկետը հետաձգվել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը: Որոշմամբ՝ կարգավորվում են նաև օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները: Օտարերկրացիներին Հայաստանից մեքենա գնելու համար անհրաժեշտ է լինելու Հայաստանում նրա օրինական բնակությունը հաստատող՝ մշտական կացության կամ ժամանակավոր կացության քարտ, կամ ՀՀ հատուկ անձնագիր, իսկ օտարերկրացիների մեքենա գնելու կարգի փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020-ի հուլիսի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս