Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է շուրջ 187 մլն դրամի խրախուսում. «Փաստինֆո»
«Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքը պետական կառույցների համար շարունակում է փրկօղակ հանդիսանալ։
Օրերս «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Շիրակի մարզպետարան՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել պարգևատրումների հետ կապված։ Մասնավորապես, թե 2019 թվականի ընթացքում մարզպետարանի քանի աշխատակից է պարգեւատրվել, նրանցից յուրաքանչյուրը քանի անգամ եւ որքան է կազմել յուրաքանչյուրի պարգեւավճարը։ Խնդրել էինք տեղեկացնել նաև՝ արդյոք մարզպետը, տեղակալները, աշխատակազմի ղեկավարները պարգևատրվել են Ամանորյա տոների կապակցությամբ։
Մարզպետարանից խուսափողական պատասխան ենք ստացել։ Մարզպետին փոխարինող Վ.Գեւորգյանը միայն հայտնել է, որ 2019 թվականի պետական բյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատկացվել է 117,330.0 հազ. ՀՀ դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ 41,010.0 հազ. ՀՀ դրամ, ինչպես նաև «Աշխատողների աշխատավարձեր և հավելաճարներ» հոդվածի տնտեսված միջոցների հաշվին՝ 28,390.3 հազ. դրամ, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ ամբողջությամբ վճարվել են ՀՀ Շիրակի մարզպետարանի բոլոր աշխատակիցներին:Այսինքն՝ տարվա մարզպետարանի աշխատակիցներին տրվել է շուրջ 187 մլն դրամի պարգեւատրում։
Մյուս հարցերին մարզպետարանը հրաժարվել է պատասխանել՝ վկայակոչելով «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքը, թեեւ անհատական որեւէ տվյալ չէր հայցվել, այլ թե ինչպես են ծախսվել հանրային միջոցները, հարկատուներիս տված հարկերից ձեւավորվող բյուջեից մարզպետին ու նրա տեղակալներին քանի անգամ է պարգեւատրում տրվել։
Խնդրել էինք տեղեկացնել՝ քանի աշխատակից է պարգևատրվել 3 և ավելի անգամ, քանի որ պարգեւատրումը նշանակում է խրախուսում կատարված արդյունավետ աշխատանքի համար եւ ուզում էինք հասկանալ, թե մարզպետարանը քանի աշխատակցի է լավ աշխատանքի համար տարվա ընթացքում խրախուսել։ Պարզվում է այս թիվը գաղտնի է։
Պարգևատրումների թեման անձնական տվյալների անվան տակ շրջանցելը հայաստանյան իրականությունում նորություն չէ։
2019 թվականի սկզբներին հարցը մեծ աղմուկ բարձրացրեց, երբ պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուրջ 1 միլիոն դոլարի պարգևատրումներ էին ստացել, սակայն աշխատակիցների ցանկը գաղտնի էր պահվում։ Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել էր քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տրամադրելու պարգևատրում ստացած աշխատողների անունները։ Սակայն քաղաքապետարանից հակադարձել էին՝ նշելով, որ «բացի քաղաքապետարանի աշխատող լինելը, մարդը նաև անհատ է, իր անձնական կյանքն ունի։ Անձնական կյանքի գաղտնիության և չհրապարակման իրավունք ունի իրեն վերապահված մնացած օրենսդրությամբ։ Մինչև մենք այդ օրենսդրության հետ չլինենք նույն համաձայնության և ալիքի վրա, մենք իրավունք չունենք այդ մարդու անձնական տվյալը տարածենք և հրապարակենք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: