ՄԻՊ-ը դիրքորոշում է հայտնել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու հարցով
Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշում է հայտնել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու հարցով: Ինչպես հաղորդում են Մարդու իրավունքների աշխատակազմից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել Ափոյանը և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանը:
Այդ առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել առանձնազրույց նրանց հետ։ Ափոյանը բարձրացրել է իր իրավունքներին առնչվող հարցեր և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր իրավունքների պաշտպանության հարցում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է բարձրացված խնդիրների, դրա հետ կապված բոլոր նյութերի մանրամասն ուսումնասիրություն, և սույն հայտարարությամբ Պաշտպանը ներկայացնում է իր իրավական դիրքորոշումները բարձրացված հարցերի առնչությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ընտրված ձևն անթույլատրելի է։
«Նախ, խնդրահարույց է այն, որ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել հատուկ միջոցի՝ ձեռնաշղթայի գործադրմամբ՝ առանց կոնկրետ իրավիճակում դրա համար հիմքերի առկայության։
Դրանից բացի, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ձևը վկայում է նրա նկատմամբ քրեական հետապնդման տարրերի մասին, մինչդեռ նա հետագայում հարցաքննվել է ընդամենը վկայի կարգավիճակով։ Ընդ որում, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու տեսանյութի հրապարակային արձագանքները վկայում են, որ դա առաջացրել է նաև այդպիսի հանրային ընկալումներ: Դավիթ Ափոյանին ոստիկանական բաժին տեղափոխելու ընտրված ձևը խնդրահարույց է նաև Երևանի պետական համալսարանի հանրային հեղինակության տեսանկյունից»,- նշված է դիրքորոշման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հատուկ նշել, որ ի գիտություն է ընդունել Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նշանակումը։ Պաշտպանը վերը նկարագրված հարցերը քննարկել է ՀՀ ոստիկանության պետի հետ։
«Ոստիկանության նման արձագանքն ունի կարևոր նշանակություն այսպիսի դեպքերի հետագա կանխարգելման տեսանկյունից»,- ասված է դիրքորոշման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անմիջական կապի մեջ է Դավիթ Ափոյանի և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ և սույն գործով իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: