Բաժիններ՝

Սեդրակ Մամուլյանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Հայկական Ամանորը կոչվում է Կաղանդի տոն, իսկ Ձմեռ պապին՝ Կաղանդ պապ կամ Մեծ Պապուկ: Կաղանդ տոնին պատրաստվում էին նախօրոք՝ դեռևս աշնանը մրգերից չրեր էին պատրաստում, որպեսզի դրանցով տարատեսակ ուտեստներ մատուցեին ամանորյա սեղանին: Հայկական Ամանորը երեք անգամ տեղափոխվել է: Այն նշել են մարտի 21-ին, այնուհետև՝ օգոստոսի 11-ին, իսկ այժմ նշում ենք հունվարի մեկին:

«Ավանդական և ազգային-ծիսական կերակրատեսակներ պիտի մատուցվեն Ամանորի սեղանին: Մենք այն երջանիկ ազգերից ենք, որոնց տոնածիսական կերակրատեսակները գրեթե ամբողջությամբ փոխանցվել են մեզ՝ շնորհիվ մեր տատիկների և նախնիների: Ամանորից մինչև Սրբխեչ՝ մեր բոլոր տոների՝ լինի դա եկեղեցական թե ավանդական, տոնածիսական կերակրատեսակների համակարգը պահպանված է»,- լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նա նշեց, որ այն կերակրատեսակները, որոնք բնորոշում էին Ամանորը, հիմնականում պահպանված են:

«Ուզում եմ թվարկել ամանորյա մի քանի կերակրատեսակ, որոնք, ցանկալի է, որ լինեն Ամանորի սեղանին: Այդ կերակրատեսակներից է Նավասարդի հարիսան, որը նաև քաշիկա կամ քեշքեկ է կոչվում, պատրաստվում է գառան մսով և ձավարով, և պատրաստման ժամանակ այն չի հարվում, որպեսզի գալիք տարում պատերազմներ և խառնակչություններ չլինեն: Շատ կարևոր է կճախաշը, որը նաև ծանդիլ են անվանում: Այն պատրաստում են ընդեղենով, լոբով, սիսեռով, վերջերս նաև եգիպտացորեն են ավելացնում, այս կերակրատեսակը պատրաստում  էին ու դնում սեղանին, որպեսզի եկող տարին բերքառատ լիներ»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:

Բանախոսը նշեց նաև անուշապուրների կարևորության մասին: Գյուղական վայրերում այն հիմնականում պատրաստել են եփած մրգահյութի տեսքով, սակայն հիմնականում ընդեղենով ու ձավարով անուշապուր էին պատրաստում՝ գալիք տարին անուշ լինելու համար:

«Օրինակ՝ Ջավախքում, Շիրակում, Սյունիքում այս ավանդույթները շատ ավելի լավ են պահպանված: Ամանորյա սեղանին պարտադիր է Տարեհացը, որը բաժանվում էր ընտանիքի անդամների թվաքանակով, ու որի մեջ մետաղադրամ էր թաքնված լինում, ու ում որ ընկնում էր այդ մետաղադրամը, նրան սպասվում էր հաջող տարի:

Տոլման միշտ եղել է մեր տոնական սեղաններին: Հունվարի 1-ը նշելուց հետո Պահքի շրջանում պասուց տոլմա են դրել, ղափամա, որը նույնպես առատություն էր խորհրդանշում»,- նշեց Ս.Մամուլյանը:

Ամանորյա սեղանի անբաժանելի զարդն էր նաև կլոր գաթան՝ արևի խորհրդանիշը: Պատրաստում էին նաև կենդանակերպ ու մարդակերպ գաթաներ:

«Եթե տանը  նոր հարսիկ էր լինում, և գաթան թխվելու ժամանակ ուռչում էր, դա նշանակում էր, որ եկող տարում հարսիկը փոքրիկ է ունենալու»,- ասաց  Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահը:

Սեդրակ Մամուլյանը լրագրողների հետ կիսվեց իր ամանորյա  սեղանի պարտադիր զարդի՝ հնդկահավի պատրաստման եղանակով. «Միջին մեծության՝ 4-5 կգ-անոց հնդկահավը հարկավոր է 1-2 օր պահել աղաջրի մեջ, որպեսզի ջրակլանում կատարվի:  Կարելի է աղաջրի մեջ նաև որոշակի բույսեր՝ ուրց, սխտոր դնել, և հետո այդ աղաջուրը խոհարարական ներարկիչով սրսկել հնդկահավի մսի մեջ: Արտաքինից պատում եմ աղով և կարմիր պղպեղով և 150-160 աստիճանի տակ 2.5 կամ 3 ժամով դնում ջեռոց: Եթե ավելի մեծ հնդկահավ է, ապա կարող եք փայլաթիթեղի մեջ դնել, ու վերջում կարագ քսել, որ կարմրի»:

Սեդրակ Մամուլյանը հայ տանտիկիններին հորդորեց նախապատվությունը տալ հայկական ծիսական-ավանդական ուտեստներին: Նա նշեց, որ ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, այն է՝ խուսափել խոզի բուդ պատրաստելուց, բլինչիկից և մայրաքաղաքային աղցանից:

 Հայկանուշ Ալոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս