«Որոշումը նախարարի հետ փոխհամաձայնեցված ու քննարկված է եղել». ԿԳՄՍ նախարարաի տեղակալը՝ աշխատանքից ազատվելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Լուսինե Առաքելյանն այսօր ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ այս լուրը արդեն երկու օր շրջանառվում էր, սակայն Լուսինե Առաքելյանը հերքել էր` նշելով, որ իր՝ աշխատանքից ազատման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
168.am-ի հետ զրույցում Լուսինե Առաքելյանն ասաց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
«Դիմումս ներկայացրել եմ նախարարին, նա էլ ներկայացրել է վարչապետին, ով ստորագրել է։ Այս որոշումը նախարարի հետ փոխհամաձայնեցված ու քննարկված է եղել»,- նշեց նա։
Հարցին, թե ինչով էր պայմանավորված աշխատաքից ազատման դիմում ներկայացնելու որոշումը, Լուսինե Առաքելյանը պատասխանեց, որ որևէ խնդիր չի եղել, շարունակում է մնալ իշխող քաղաքական թիմի անդամ և նրա գաղափարների կիսողը:
«Այս պահին միակ բանը, որ մտածում եմ՝ Ամանորը դիմավորելն է Գյումրիում՝ իմ հայրական տանը։ Կրկնում եմ՝ որևէ խնդիր չի եղել, պարզապես քննարկել ենք և նախարարի հետ փոխհամաձայնությամբ եկել ենք որոշման, որ իմ աշխատանքից ազատվելը ճիշտ որոշում է։ Շատ աշխատանքային, լուրջ, կշռադատված որոշում էր»,- շեշտեց նա։
Նա ընդգծեց, որ իշխող քաղաքական թիմի ակտիվ անդամ է, և քաղաքական ու գաղափարական տարաձայնություն չէր կարող լինել։