Զուրաբիշվիլիի անհաջող հայտարարությունը չի արտահայտում վրաց իշխանության իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ. վերլուծաբան
«Վրաստանի նախագահը ոչ միանշանակ հայտարարություն է արել, որը չի կարող վտանգի տակ դնել հայ-վրացական հարաբերությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի նախագահի վերջին հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ։
Վրաստանի Հանրային հեռարձակող «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում նա նշել է․ «Վրաստանը խնդրահարույց սահմաններ ունի ոչ միայն հակամարտության գոտիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ»։
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ կան սահմանամերձ տարածքներ, որոնք համաձայնեցված չեն հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հիշեցնելով, որ սահմանազատման գործընթացը դադարեցվել է:
Սալոմե Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը քննադատության է արժանացել վրացական ընդդիմադիր թևի կողմից: Մասնավորապես՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն նկատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Աբխազիան և Հարավային Օսիան նույն հարթության վրա դիտարկելով՝ Զուրաբիշվիլին անուղղակիորեն ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, որն անընդունելի է Վրաստանի համար։
Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ սա երկակի հայտարարություն է, որը չափազանց բացասաբար է ընկալվել հայտարարության ձևի պատճառով: «Սա վրաց իշխանության դիրքորոշում որակելն այնքան էլ ճիշտ չէ: Բայց մյուս կողմից՝ այնպես չէ, որ սահմանային հստակեցումների կարիք չկա, դրա մասին գիտեն բոլորը, և իշխանությունները վաղ թե ուշ իրականացնելու են անհրաժեշտ աշխատանքներն այս ուղղությամբ: Բայց Վրաստանի իշխանությունները դիտարկում են, որ խնդիր ունեն միայն Ռուսաստանի հետ, իսկ մնացած բոլոր սահմանային հարցերը ժամանակի ընթացքում լուծվելիք հարցեր են, և դրանք չպետք է հնչեն այնպես, որպեսզի վիրավորեն մեր հարևաններին և խնդիրներ ստեղծեն երկկողմ հարաբերություններում:
Սակայն, ըստ իս, այս հայտարարությունները ճիշտ են ընկալվել մեր հարևան երկրներում, և դրան ի պատասխան՝ կոշտ արձագանքներ չեն եղել, ինչը ցույց է տալիս, որ համարժեք է ընկալվել: Դա՝ այն բանի շնորհիվ, որ իշխանություններն անմիջապես շտկումներ են մտցրել Զուրաբիշվիլիի հայտարարություններում: Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ընթացքում նման հայտարարություններ եղել են մի քանի անգամ, կարծում եմ, հաշվի առնելով նաև երկրի կառավարման համակարգը, մեծ նշանակություն տալ պետք չէ:
Չեմ կարծում, որ հայ-վրացական հարաբերություններն այս հայտարարությունից կարող են վտանգվել, բոլորն են հասկանում, որ սա սխալ շեշտադրումներով հայտարարություն է, և Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի համար չափազանց կարևոր են, և չկան անլուծելի խնդիրներ»,- ասաց Մենագարիշվիլին: Նա նշեց, թե չի կարող ասել՝ ինչու են նման հայտարարություններ հնչում Վրաստանի նախագահի կողմից: Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ այդ անհաջող հայտարարությունները չեն արտահայտում իշխանության իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: