Արդարադատության նախարարին համակարգում մտահոգում են տեսանելի կոռուպցիոն ռիսկերը

«Վերահաստատում եմ, որ արդարադատության մասով լուրջ մտահոգություններ ունեմ նաև այսօր, խոսքը ոչ միայն ծանրաբեռնվածության մասին է, այլև շարունակում եմ տեսնել կոռուպցիոն ռիսկեր։ Մասնագիտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի խնդիրներ  եմ տեսնում ոչ միայն դատարաններում, այլև այլ մարմիններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին՝ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝  դատարանների մեծ մասն այսօր խիստ ծանրաբեռնված է, քաղաքացիական գործերի 70-80 տոկոսը վերաբերում է ֆինանսական հաստատություններին առնչվող վեճերին, պարտավորություններին։ Ուստի Արդարադատության նախարարությունն իր առջև խնդիր է դրել՝ թեթևացնել այդ ծանրաբեռնվածությունը։

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ վարչապետին արդեն ներկայացրել են որոշման նախագիծը, որով նախատեսվում է հանձնաժողովի ձևավորման շուրջ աշխատանքներ իրականացնել, որը կհրապարակվի կա՛մ այս տարվա ավարտին, կա՛մ հաջորդ տարվա հունվարի սկզբին։

«Նախագիծը հրապարակելուց հետո արդեն Արդարադատության նախարարությունն անելիք կունենա, մասնավորապես՝ մրցութային կարգով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման հարցում։ 2020 թվականին կարող ենք ունենալ սահմանադրական բարեփոխումներ, այո, կարող են նաև դրույթներ լինել, որոնք կվերաբերեն Սահմանադրական դատարանին»,- շեշտեց Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններին և դիտարկմանը, որ վերջինս ՍԴ նիստերին չի մասնակցում, Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, որ նրա մի շարք հայտարարությունների հետ համաձայն է, օրինակ, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, որոշ տեսակետների հետ համաձայն չէ  և չի էլ կարող համաձայնել։

«Եթե իրոք ունենք դատավոր, որը ՍԴ նիստերին չի մասնակցում, դա արդեն խնդիր է, այլ հարց է, թե դա ինչպես է բացատրվում, ինչ հետևանքներ կարող են առաջանալ, որ մարմիններն են, որոնք կարող են զբաղվել այդ խնդիրներով։ Ընդհանուր առմամբ խնդիր է, այո»,- եզրափակեց Ռուստամ Բադասյանը։

Տեսանյութեր

Լրահոս