ԶԼՄ 13 ներկայացուցիչ դիմել է դատախազություն՝ անձնական երաշխավորությամբ «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Թավադյանի խափանման միջոցը վերացնելու համար
«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Գլխավոր դատախազությանը ներկայացրել է ԶԼՄ 13 ներկայացուցչի անձնական երաշխավորությամբ միջնորդություն՝ Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:
«Միջնորդությունները, որոնք ներկայացվում են վարույթն իրականացնող մարմնին, պետք է քննվեն, և դրանց պետք է պատասխանեն անմիջապես, այսինքն՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: Գիտենք, որ դեկտեմբերի 30-ը աշխատանքային օր է, և ակնկալում ենք այդ օրը ստանալ պատասխան»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ, եթե խոսքը անձին կալանավորելու մասին է, հաշվի չի առնվում տվյալ օրվա աշխատանքային լինել-չլինելու հանգամանքը:
Փաստաբանը չնշեց ԶԼՄ 13 ներկայացուցչի անունները՝ հաշվի առնելով, որ ցանկացած անձ կարող է թիրախավորվել: Նա ասաց, որ հայտարարությունը տարածվել է «5-րդ ալիքի» միջոցով, ու ցանկացած անձ կարող է միանալ հրապարակային հայտարարությանը:
«Նկատի ունենալով այն, որ պարոն Թավադյանի կալանքը ակնհայտ ապօրինի է, անձնական միջնորդությունը կարող է հիմք հանդիսանալ: ԶԼՄ 13 ներկայացուցիչները հայտնի անձինք են, ներկայացնում են խմբագրություններ, որոնց դերն ու հեղինակությունը, կարծում եմ, չպետք է կասկածի տակ դրվի»,- ասաց փաստաբանը:
Տեղեկացնենք, որ այս րոպեներին Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի է ունենում Արմեն Թավադյանի աջակիցների ակցիան: Նրանք «ընտրովի արդարադատություն», «քաղբանտարկյալների երկիր» պաստառներով՝ պահանջում են դադարեցնել, իրենց խոսքով, Արմեն Թավադյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել էր երեկ՝ դեկտեմբերի 26-ին:
Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել Վարուժան Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այն է՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:
Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում