Վիրավորանքի և զրպարտության համար Արարատ Միրզոյանի դատական հայցով՝ 3.5 մլն դրամի պահանջ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի: Այս մասին նշված է Datalex.am կայքում (Դատական տեղեկատվական համակարգ):
Արարատ Միրզոյանը վիրավորանքի և զրպարտության միջոցով իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել:
«Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ իրեն դատի տալու հիմքում մարդկանց վախեցնելն է:
«Եթե Արարատ Միրզոյանը դիմեր դատարան և սիմվոլիկ մեկ լումա պահանջեր ու գնար նրա հետևից, որ հրապարակային ներողություն խնդրեի, ես կասեի՝ լավ, մարդն իրոք նեղվել է: Բայց նա 3.5 մլն դրամ գումար է ուզում իրեն քննադատելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարեկ Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը նոյեմբերի 24-ին Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մերձավորներին՝ 26-28 հոգու, Երևանի ռեստորաններից մեկում խաշ է «պատիվ տվել», որի համար վճարել է 290.000 ՀՀ դրամ: Սամսոնյանը նշել էր նաև, որ չէր կարող Միրզոյանը մինչև իշխանության գալն իրեն նման «հաճույքներ» թույլ տալ։
Սամսոնյանի գրառումներին արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար»,- գրել էր Միրզոյանը՝ նշելով, որ պատրաստվում է վիրավորանքի և զրպարտության համար դատական հայց ներկայացնել Սամսոնյանի դեմ: