Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ ուղղակի ճնշում է տեղի ունենում. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝  Սահմանադրական դատարանում քաղաքական ավտորիտար վարչակազմի կոնսոլիդացիայի պրոցես է ընթանում:

«ՍԴ-ն, որն ըստ էության գերագույն դատարանն է, փորձում է ընդվզել:  Ասում են՝ Հրայր Թովմասյանն ընդդիմադիր է, բայց այդպես չէ, նա չեզոք է: Հիմա գործ ունենք այդ մարմնի քաղաքականացման հետ: Իսկ հիմա ուղղակի ճնշում է տեղի ունենում Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ: Աշխարհի ամենամեծ ստերը, մանիպուլյացիաները, կեղծիքները, անլուրջ մեկնաբանություններն արվում են «ժողովուրդ» եզրույթն օգտագործելով: Մենք ևս օգտագործում ենք դա, ինչը պոպուլիզմ  է և անընդունելի: Ժողովուրդ չկա, կան մարդիկ, ովքեր կազմակերպում են քաղաքացիական ակտիվ զանգվածի կոնսոլիդացիա: Մենք այսօր ունենք կայուն զարգացող ավտորիտար համակարգ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարեկ Սամսոնյանը:

Շարունակելով նրա խոսքը՝ «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Տիգրան Քոչարյանը տեղեկացրեց. «ՍԴ-ի մոտից ենք գալիս, մեկը եկավ, ինչ-որ բաներ էր գոռգոռում և իրեն ներկայացնում էր՝ որպես ժողովուրդ: Խնդիրն այն է, որ, եթե դա գոռար համացանցում, ֆեյքերի բանակ կձևավորվեր, կաջակցեին, իսկ այսօր առանց ֆեյքի մեկ հոգի էր դուրս եկել ու իրեն ներկայացնում էր՝ որպես ժողովուրդ: Եթե այդքան դեմ եք, համարում եք, որ Հրայր Թովմասյանը չարիք է Հայաստանի համար, ու պետք է ազատվել, ապա ո՞ւր են այդ բանակները, հարյուր-հազարավոր մարդիկ: Այսինքն՝ ապրում ենք երկու իրականությունում՝ վիրտուալ և սովորական»:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով էլ՝ այնպես չէ, որ Հրայր Թովմասյանը սա չէր կանխատեսել:

«Նրան որևէ մեկի հետ կապել պետք չէ, նա ներկայացնում է իրավական համակարգը, անաչառ պայքարում է իր իրավական սկզբունքների համար: Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ ճնշումներ կարող են լինել: Կարծում եմ՝ պատրաստ է այդ ճնշումներին դիմակայել»,- եզրափակեց Միհրդատ Մադաթյանը:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տեսանյութեր

Լրահոս