«Ազգային ժողովի շենքի շրջափակումը հեղափոխության հերթական փուլն է եղել». Արդարադատության նախարար
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքի շրջափակումը հեղափոխության հերթական փուլն է եղել, որն իրականացվել է «օրենքի բոլոր պահանջների ու պայմանների պահպանմամբ»։
«Ժողովրդի կամքը ևս մեկ անգամ արտահայտվել է Հայաստանում բարեփոխումներ սկսելու և նոր որակի քաղաքական իշխանություն ձևավորելու մասով։ Այդ ամենին հաջորդել են խորհրդարանական ընտրություններ, որոնք Հայաստանում առաջին անգամ որակվել են՝ որպես ազատ ու արդար ընտրություններ։ Առաջին անգամ ժողովրդի կամքը բացարձակ ձևով առանց որևէ շեղումների՝ արտահայտվել է, և մենք այսօր ունենք լեգիտիմ Ազգային ժողով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին՝ ասաց Ռուստամ Բադասյանը։
Ինչ վերաբերում է մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակմանը, Ռուստամ Բադասյանը նկատեց, որ շրջափակում բառն ինքը կվերցներ չակերտների մեջ, քանի որ այդ ամենն արդարադատության համակարգի վրա հանրության ուշադրությունը հրավիրել էր, որ այդ համակարգում անհրաժեշտ են բարեփոխումներ:
«Որպեսզի հանրության վստահությունն այդ համակարգի նկատմամբ աճի, և մենք ակնկալենք որակյալ արդարադատություն։ Եթե նոր իշխանությունը նպատակ ունենար իրենից կախված դատական համակարգ ունենալ, ապա դրա մեթոդները հրապարակային կոչեր անելը չէ։ Բոլորին էլ հայտնի է, թե ինչպես կարող է լինել թվացյալ արդար դեմքով արդարադատության համակարգ, սակայն 100 տոկոսով կախված լինել և կառավարվել մեկ կետից։ Այս ոլորտում կա խնդիր, և այդ խնդիրը պետք է լուծվի»,- շեշտեց Ռուստամ Բադասյանը։
Հարցին՝ Հայաստանում արդարադատություն կա՞, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ Հայաստանում կա արդարադատություն, ավելին՝ հեղափոխությունից առաջ ևս կար: «Սակայն հարցն արդարադատության որակն է և հասարակության վստահության աստիճանն իրականացվող արդարադատության նկատմամբ»,- եզրափակեց Ռ. Բադասյանը։