«Իրավունք չունենք հարկադրաբար որևէ գործողություն իրականացնել. այդ ամենը կդիտարկվի՝ որպես խոշտանգում». Ռուստամ Բադասյանը՝ հացադուլի մեջ գտնվող կալանավորի մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփելով տարին՝ անդրադարձավ նաև հացադուլի մեջ գտնվող կալանավորի հարցին։
«Նշված անձը կալանավորված է, ըստ էության, նախաքննական մարմնի տիրույթում է, ամեն դեպքում՝ ինքը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով, որ իր նկատմամբ ոչ արդարացի քրեական հետապնդում է իրականացվում, այսպես է նա կարծում։ Նա մշտապես գտնվել է բժիշկների հսկողության ներքո, ներկայումս գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում։ Նա հրաժարվում է սնունդ ընդունել, և մենք իրավունք չունենք հարկադրաբար որևէ գործողություն իրականացնել, քանի որ այդ ամենը կդիտարկվի՝ որպես խոշտանգում»,- ասաց Արդարադատության նախարարը։
Նրա բնորոշմամբ՝ ըստ էության շատ անհանգստացնող է կալանավորի վիճակը, մշտական կապի մեջ են քրեակատարողական հիմնարկի պետի հետ, փորձում են ինչ-ինչ ճանապարհներով լուծել խնդիրը: «Կարծում եմ՝ մոտ օրերս՝ այսօր կամ վաղը, կարող է դրական միտում արձանագրվել։ Մենք մշտապես աշխատում ենք այն սահմաններում, որոնք մեր իրավասության շրջանակներում են»,- հավելեց նախարարը։
Այս դեպքին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ գործընկերների հետ այցելել են դատապարտյալների հիվանդանոց և հանդիպել Վահեի հետ: «Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետև Վահեն գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին: Բոլոր մեր հորդորները` դադարեցնել հացադուլը և իր իրավունքները պաշտպանել դատարանում, անիմաստ էին: Վահեն հրաժարվում է դադարեցնել հացադուլը և հաստատ չի դադարեցնելու»,- գրել էր Նաիրա Զոհրաբյանը: