225 կմ երկարությամբ հայ-վրացական պետական սահմանից համաձայնեցվել է 147 կմ-ն. Աննա Նաղդալյան
Օրեր առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է մինչև վերջ կայանա որպես պետություն, ինչի համար նախ պետք է որոշի սահմանները հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ և պաշտպանի այդ սահմանները:
Այս մասին Վրաստանի ղեկավարը խոսել է, երբ հեռուստաեթերում նրան հարց են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին՝ նշելով, որ միջկառավարական հանձնաժողովներն աշխատել են այդ ուղղությամբ և հասել են որոշակի նվաճումների, սակայն հետագայում գործընթացը սառեցվել է:
168.am-ը ՀՀ ԱԳՆ-ից փորձեց պարզել՝ Հայաստան-Վրաստան արտաքին գերատեսչությունների մակարդակով քննարկումներ եղե՞լ են վերջին շրջանում, Հայաստանն ի՞նչ պահանջներ ունի այս առումով: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց, որ ՀՀ-ի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցը քննարկվում է 1992 թվականից:
«1996թ. մայիս և ապրիլ ամիսներին կողմերը ձևավորել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովներ, որոնց առաջին համատեղ նիստը կայացել է 1997 թվականի փետրվարին:
2007 թվականից հետո հանձնաժողովների համատեղ նիստ տեղի չի ունեցել, 2009թ. տեղի է ունեցել հայկական և վրացական հանձնաժողովների մասնագիտական խմբերի հանդիպում։
Հետագայում հարցը շարունակել է քննարկվել Հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստերի և երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2019թ․ մայիսի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում։
Հաջորդ նիստի անցկացման հարցը գտնվում է կողմերի միջև համաձայնեցման փուլում»,- մանրամասնեց Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև հայտնեց, որ ՀՀ-ի և Վրաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների աշխատանքների արդյունքում ընդհանուր 225 կմ երկարությամբ ձգվող հայ-վրացական պետական սահմանից համաձայնեցվել է 147 կմ-ն: Իսկ սահմանի մնացած՝ մոտ 78 կմ երկարությամբ հատվածների համաձայնեցման նպատակով իրավական հիմքի ընդունման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։