Ղազախստանի նախագահը դեկտեմբերի 28-ը սգո օր է հայտարարել ավիաաղետի զոհերի հիշատակին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դեկտեմբերի 28-ը սգո օր է հայտարարել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ալմաթիի մերձակայքում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիք Ուալին։
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը 2019 թվականի դեկտեմբերի 28-ը համազգային սգո օր է հայտարարել Ալմաթիի մոտ մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ»,-գրել է նա:
Fokker-100 ինքնաթիռը, որը կատարում է Ալմաթի-Նուրսուլթան չվերթը, վերթիռից հետո կորցրել է բարձրությունը, ճեղքել-անցել բետոնե արգելապատնեշը եւ երկհարկանի շենքի բախվել Ալմաթիի մարզի Տալգարի շրջանում: Նախնական տվյալներով՝ ողբերգության զոհ է դարձել 12 մարդ, այդ թվում՝ օդանավի հրամանատար Մարատ Մուրատաբաեւը: Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն, հոսպիտալացվել է 53 մարդ: Օդանավում եղել է 93 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անգամ: Ուղեւորների թվում եղել է չորս օտարերկրացի՝ Ուկրաինայի երկու քաղաքացի, Ղրղզստանի մեկ քաղաքացի եւ Չինաստանի մեկ քաղաքացի: Նրանք բոլորն էլ փրկվել են:
Ալմաթիի մերձակայքում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում վթարային-փրկարարական աշխատանքներն ավարտված են: Այդ մասին հայտնել է արտակարգ իրավիճակների քաղաքային դեպարտամենտի պետի տեղակալ Եռլան Ալիբեկովը: Նրա խոսքով՝ գետնին աղետի հետեւանքով ոչ ոք չի զոհվել:
Արտակարգ պատահարի պատճառները հետաքննելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որն արդեն ժամանել է ողբերգության վայր:
Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման նախնական պատճառների թվում դիտարկվում են օդաչուների սխալը եւ տեխնիկական անսարքությունը: «Վարկածները նախնական են «…» Ինքնաթիռը պոչամասով երկու անգամ դիպել է թռիչքավայրէջքային գոտուն: Դա կա՛մ օդաչուի սխալն է, կա՛մ տեխնիկական անսարքություն»,-նշել է Սկլյարը:
Ավիաաղետից հետո Ղազախստանում դադարեցրել են Fokker-100-ի թռիչքները: Նաեւ, մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը, կասեցված է Bek Air ավիաընկերության աշխատանքը:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ խոստացել է խստորեն պատժել ավիաաղետի մեղավորներին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին ցավակցություն է հայտնել նաեւ Ղազախստանի առաջին անախագահ եւ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: