Ալմաթիում ինքնաթիռի կործանման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են
Ալմաթիի մերձակայքում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում վթարային-փրկարարական աշխատանքներն ավարտվել են: Այդ մասին հայտնել է արտակարգ իրավիճակների քաղաքային դեպարտամենտի պետի տեղակալ Եռլան Ալիբեկովը: Նրա խոսքով՝ գետնին աղետի հետեւանքով ոչ ոք չի զոհվել։
«Ինքնաթիռը բախվել է նոր կառուցվող շենքին, այն բարեբախտաբար դատարկ է եղել: (…) Բարեբախտաբար վառելիքի բաքերի պայթյուն տեղի չի ունեցել»,- ասել է Ալիբեկովը:
Առողջապահության քաղաքային վարչությունն առայժմ հաղորդել է, որ զոհվել է 15 մարդ, որոնցից մեկը մահացել է արդեն հիվանդանոցում:
Տուժել է 66 մարդ, 50-ին հոսպիտալացում է պահանջվել: Նաեւ հաղորդվել է, որ ութ երեխաների են հիվանդանոց տեղափոխել բազմաթիվ վնասվածքներով:
Ճշտված տվյալներով՝ ինքնաթիռում եղել են ոչ թե 95, այլ 93 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ:
Bek Air ավիաընկերության Fokker-100-ը, որը պետք է Ալմաթիից թռչեր Նուր Սուլթան, վերթիռից հետո շատ չանցած կորցրել է բարձրությունը եւ ընկել բնակելի շրջանում՝ բախվելով երկհարկանի շենքի: Ավիաընկերության աշխատանքը եւ Ղազախստանում այդ տիպի ինքնաթիռների թռիչքները դադարեցված են, հաղորդել է «Ինտերֆաքսը»: