Հեռուստահաղորդավարուհին վիճակախաղով շահումի մասին իմացել է ուղիղ եթերում և շփոթեցրել հանդիսականներին
Իսպանացի հեռուստահաղորդավարուհի Նատալյա Էսկուդերոն իր արձագանքով շփոթեցրել է հանդիսականներին, նա չի կարողացել թաքցնել իր հույզերը վիճակախաղով շահումից հետո եւ ճղճղացել է ուղիղ եթերում, ասելով, որ այլեւս աշխատանքի չի գալու։
Էսկուդերոն ռեպորտաժ էր վարում իսպանական El Gordo վիճակախաղի արդյունքների ամփոփման վերաբերյալ: Երբ կինն իմացել է, որ մրցանակ է շահել, սկսել է ուրախանալ ու ճչալ՝ չթաքցնելով հույզերը:
Սկզբում Նատալյայի նման բուռն ուրախությունն ստիպել է հանդիսականներին ենթադրել, որ Էսկուդերոն շահել է ջեքփոթը, որը հավասար էր չորս միլիոն եվրոյի: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ հաղորդավարուհին ստացել է միայն հինգ հազար եվրո: Արդյունքում հանդիսականները քննադատել են կնոջը չարդարացած սպասումների համար:
Հետաքրքրական է, որ ավելի ուշ Էսկուդերոն ներողություն է խնդրել իր չափազանց հուզական պահվածքի համար: Կինը դա բացատրել է նրանով, որ վերջին մի քանի ամիսներին ինքը դժվարություններ է ունեցել անձնական խնդիրների պատճառով:
Բայց հեռուստահաղորդավարուհին նշել է, թե չի խաբել, որ չի պատրաստվում աշխատանքի գալ, քանի որ արձակուրդ է վերցրել, հաղորդել է Sputnik-ը: