Ռուբեն Ռուբինյանը հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում զարգացում է նկատում

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատում է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժել, այլ նաև ավելի են զարգացել:

Ռուբեն Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում:

«Հանձնաժողովը համատեղ նիստ է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի հետ: Տարվա սկզբին այցելել էինք Մոսկվա, և վերջերս պատասխան այցով մեր ռուս գործընկերները այցելեցին Հայաստան: Այս առումով պետք է նշեմ՝ կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում սկզբնական զգուշավորության փուլը հեղափոխությունից հետո լիապես ավարտված է: Եվ ինչպես մեր համատեղ նիստից հետո գրել էր իմ ռուս գործընկեր Կոնստանտին Կոսաչյովը, կարող ենք արձանագրել, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժել, այլև էլ ավելի են զարգացել»,-ասաց Ռուբինյանն ու հավելեց՝ սա շատ կարևոր արձանագրում է:

Նա վստահեցրեց, որ շարունակել են աշխատել նաև եվրոպական ուղղությամբ: Ինքը՝ որպես հանձնաժողովի նախագահ հայ-իտալական բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի հետ այցելել է Հռոմ, հանդիպել իտալական խորհրդարանի երկու պալատների իր գործընկերների հետ: «Հուսով ենք, որ պատասխան այցեր նույնպես կլինեն: Եղել է այց նաև Բրյուսել: Ընդհանուր առմամբ, մենք հիմա շատ ակտիվ պետք է աշխատենք Եվրոպական խորհրդարանի հետ մեր կապերը հաստատելու և զարգացնելու ուղղությամբ, շատ կարևոր է մեր դիրքորոշումներն այնտեղ ներկայացնել»,-ասաց Ռուբինյանը:

Նա շատ կարևոր համարեց, որ կարողանան գործընկեր պետությունների խորհրդարանականներին, կազմակերպությունների անդամներին մշտապես ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացները, ինչպես նաև Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, հայկական կողմի դիրքորոշումը, ճշմարտությունը: Ռուբինյանը նշեց՝ դա կարևորագույն գործ է, որ իրենք վերջին մեկ տարում արել են և շարունակելու են անել:

Տեսանյութեր

Լրահոս