Վաղը ժամը 10:00-ին ՀՔԾ-ն կհարցաքննի Հրայր Թովմասյանին

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, որը հասարակության մեջ հայտնի է՝ որպես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու կամ «օրինական կաշառքի» օրենք:

Օրվա ընթացքում փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումից պարզ դարձավ, որ ՀՔԾ-ն  ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։

Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում Տիգրան Աթանեսյանը նախագահի կողմից այս օրենքի ստորագրումն անվանեց «ռեպրեսիայի ազդանշան»:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանից փորձեցինք ճշտել, թե ինչ զարգացումներ կան Հրայր Թովմասյանի գործով:

«Վաղն առավոտյան՝ ժամը 10:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից գնալու են Հրայր Թովմասյանի մոտ՝ վերջինիս հարցաքննելու համար»,- ասաց պաշտպանը:

Այլ մանրամասներ Ամրամ Մակինյանը չհաղորդեց:

Ավելի վաղ 168.amտեղեկացրել էր, որ դեպքերի շաղկապված հաջորդականությունը հիմք է տալիս պնդելու, որ այդպիսով իշխանությունները ցանկանում են ճնշում գործադրել ՍԴ դատավորների վրա, և առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանի վրա։

Ակնհայտ էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից վերոնշյալ օրենքի ստորագրումից հետո Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների նոր շրջափուլ է սկսվելու, եթե դատավորները շարունակեն դիմադրել և կամավորության սկզբունքով չանցնեն կենսաթոշակի:

Տեսանյութեր

Լրահոս