Նպատակը Հրայր Թովմասյանին կալանավորե՞լն է

Մեր տեղեկություններով՝ ՀՀ քաղաքական իշխանությունները կայացրել են որոշում՝ վաղը մինչև օրվա կեսը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ Նոտարական պալատի նախկին նախագահ Ալվարդ Մելքոնյանի ցուցմունքների հիման վրա Հատուկ քննչական ծառայությանում հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, ժամեր առաջ «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ՀՔԾ աղբյուրներին, տեղեկացրել էր, որ «Հատուկ քննչական ծառայության քննիչները նոր մեղադրանք են առաջադրում Հրայր Թովմասյանի սանիկ Նորիկ Փանոսյանին, որի հիմքում դրված են Նոտարական պալատի նախկին նախագահ Ալվարդ Մելքոնյանի ցուցմունքները։

Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Ալվարդ Մելքոնյանը նոտարական համակարգից հեռացվել էր Թովմասյանի արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում»:

Նույն  թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ: ժամը 15:00-ի սահմաններում քննիչները Սահմանադրական դատարանում էին, բայց ավելի մանրամասն տեղեկություն նրանց քայլերի մասին պարզել չի հաջողվել դեռ»:

Այս պահի դրությամբ պատկան մարմինները որևէ պաշտոնական տեղեկություն չեն տարածել, սակայն դեպքերի շաղկապված հաջորդականությունը հիմք է տալիս պնդելու, որ այդպիսով իշխանությունները ցանկանում են ճնշում գործադրել ՍԴ դատավորների վրա:

Այսինքն՝ Արմեն Սարգսյանի կողմից օրենքի ստորագրումից հետո Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների նոր շրջափուլ է սկսվելու, եթե դատավորները շարունակեն դիմադրել և կամավորության սկզբունքով չանցնեն կենսաթոշակի:

Տեսանյութեր

Լրահոս