«Փաստորեն պարզվում է՝ քրեորեն պատժելի է նաև պարտքով գումար վերցնելը»
«Քրեական օրենսգրքում բոլորիս սպառնացող նոր ու վտանգավոր հոդվածի, ինչպես նաև անմեղ անձին կալանքից ազատելու հարցի քննարկման նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների ունեցած «ֆոբիայի» և «նոր տակտիկայի» մասին».
Փաստորեն պարզվում է՝ քրեորեն պատժելի է նաև պարտքով գումար վերցնելը:
Ահա, ըստ էության, այսպիսի մեղադրանքով է, որ Ալեքսան Մակարի Պետրոսյանը տևական ժամանակ գտնվում է ապօրինի կալանքի տակ:
Ալեքսան Պետրոսյանը 2011 թվականին պարտքով գումար է վերցրել ՀՀ բանապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանից, որը հետագայում վերադարձրել է: 2019 թվականի նոյեմբերին իրավապահ մարմինները պարզել են, որ Ալեքսան Պետրոսյանի պարտք վերցրած գումարը Արամ Հարությունյանը դեռևս 2008 թվականին, որպես կաշառք, ստացած է եղել Սիլվա Համբարձումյանից, ինչի մասին Ալեքսան Պետրոսյանը 2011 թվականին ոչ միայն չէր կարող իմանալ, այլ նաև անտրամաբանական է, որ նույնիսկ կարողանար ենթադրել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն Ալեքսան Պետրոսյանին մեղադրում է այն բանի համար, որ նա, իբր, տեղյակ է եղել այդ գումարի ծագման աղբյուրի մասին, բայց թե ինչպե՞ս կարող էր Ալեքսան Պետրոսյանը գումարի մասին տեղյակ լինել՝ ՀՔԾ-ն նույնիսկ չի կարողանում ենթադրությանը մոտ փաստարկներ ներկայացնել:
Աներկբա է, որ ՀՀ-ում չկա մի անձ, չկա մի բիզնեսմեն, որ երբևէ պարտքով գումար վերցրած չլինի: Ասել կուզեմ՝ բոլորն էլ պատրաստ լինեն՝ ներկայիս տրամադրությամբ մի օր բոլորն էլ պետք է պատասխան տան պարտք վերցրած գումարի համար:
Առավել զավեշտալին այն է, որ Ալեքսան Պետրոսյանն այդ մեղադրանքով կալանավորվել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին, իբր, նախաքննությանը խոչընդոտելու հնարավորությունը բացառելու նկատառումներով, բայց դեկտեմբերի 13-ին մեզ հայտնվել է նախաքննության ավարտի մասին, հետևաբար այն մտավախությունը, ինչի համար, ըստ նախաքննական մարմնի, Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է, ոչ կալանավորման ընթացքում է գոյություն ունեցել, ոչ էլ առավելևս այսուհետ կարող է գոյություն ունենալ:
Ալեքսան Պետրոսյանի պաշտպանների կողմից միջնորդություններ են ներկայացվել քննիչին ու դատախազին՝ խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որոնք, սակայն, անհիմն մերժվել են: Ակնհայտ է, որ թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, թե ՀՀ դատախազությունը փորձում են ամեն կերպ իրենց «վրայից գցել» Ալեքսան Պետրոսյանին կալանքից ազատելու հարցը, քանի որ իրենք էլ հասկանում են, որ օրինական կերպով վերջինս չի կարող մնալ կալանքի տակ, բայց դե իրենք են եղել կալանքի նախաձեռնողները և չեն կարող այժմ իրենց որոշումներով փաստել կալանքի՝ ապօրինի լինելու մասին: Դա էլ է հասկանալի, բայց այն, որ դատարանները նույնպես խուսափում են արդարադատություն իրականացնելուց, դա ոչ մի կերպ չի կարելի հասկանալ:
Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը սահմանված 10-օրյա ժամկետում պաշտպանների կողմից բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, սակայն մինչ օրս դատական նիստ չի կայացել մեկ՝ դատավորի՝ արձակուրդում գտնվելու, մեկ՝ դատավորի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու, և այլ պատճառներով:
2019 թվականի դեկտեմբերի 13-ին պաշտպանների կողմից նաև կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել դատարանին, որը, սակայն, նույնպես դեռևս չի քննարկվել քննիչի չկներկայանալու, քննիչի կողմից նյութեր չներկայացնելու պատճառով: Այսինքն՝ ստացվում է իրավիճակ, որ դատարանները նույնպես, շարունակելով մեղադրանքի կողմի «գործը», անձին ապօրինի պահում են կալանքի տակ այսպես ասած՝ «տեխնիկական» պատճառներով, մինչդեռ ակնհայտ է, որ այդքան զուգադիպություն չի կարող լինել: Հերթական մոտակա նիստը՝ կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննարկումը, նշանակված է սույն թվականի դեկտեմբերի 27-ին, որի չհետաձգման համար մեր կողմից ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները: Միջնորդությունը քննող՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին մաղթենք քաջ առողջություն, առանց միջադեպերի ու առանց խոչընդոտների աշխատանքային օր, որպեսզի այս անգամ էլ նման պատճառաբանություններով նիստը չհետաձգվի:
Հ.Գ. Հուսանք՝ սույն թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կայանալիք դատական նիստի ընթացքում կհաղթահարվի ՀՔԾ-ի «աչքի փուշը» չդառնալու վախը և արդարադատությունը կտարանջատվի անմեղ անձանց կալանքի տակ պահելով հետախուզվողին ներկայանալ հարկադրելու մոլուցքից:
Ալեքսան Մակարի Պետրոսյանի պաշտպաններ՝ Միհրան Պողոսյան և Գոռ Միքայելյան
«Քրեական օրենսգրքում բոլորիս սպառնացող նոր ու վտանգավոր հոդվածի, ինչպես նաև անմեղ անձին կալանքից ազատելու հարցի…
Gepostet von Mir Poghosyan am Donnerstag, 26. Dezember 2019