Մահացել է Հրաչիկ Կարապետյանը
Կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀԿԿ կենտկոմի, այնուհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանը:
«Խորը վշտով և կսկիծով հայտնում ենք, որ դեկտեմբերի 25-ին կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀԿԿ կենտկոմի, այնուհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանը:
Մեծ ցավով ենք հայտնում մեր գործընկերոջ՝ կյանքից հեռանալու մասին լուրը, գործընկերոջ, ով իր բազմամյա փորձառությամբ և անձնուրաց նվիրումի շնորհիվ անգնահատելի ավանդ է ունեցել նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության կազմավորման գործում՝ միաժամանակ հանդիսանալով նաև բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության օրինակ ԱԳՆ-ում աշխատած և աշխատող բազմաթիվ սերունդների համար:
Հրաչիկ Աշոտի Կարապետյանը ծնվել է 1933թ. Երևան քաղաքում: 1956թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետի երկրաբանության բաժինը:
1962թ. ավարտել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լենինգրադի ռադիոքիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան:
1974-1988թ. զբաղեցրել է ՀԿԿ կենտկոմի գործերի կառավարչի պաշտոնը՝ միաժամանակ լինելով նաև ԽՍՀՄ արտաքին տնտեսական կապերի նախարարության լիազոր:
1991թ. սկսած աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ ԱԳ նախարարությունում՝ որպես ՀՀ ԱԳՆ գործերի կառավարիչ (1991-1993թթ.), ՀՀ ԱԳՆ ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ (1993-1997թթ.), այնուհետև՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարի խորհրդական, վարչատնտեսական բաժանմունքի տնօրեն, իսկ 1998-1999թթ. կրկին նշանակվել է նախարարության գործերի կառավարչի պաշտոնում: 1997թ. շնորհվել է «խորհրդական» դիվանագիտական աստիճան:
Հրաչիկ Կարապետյանի հիշատակը միշտ կլուսավորի և կջերմացնի բոլոր նրանց հոգիները, ովքեր ճանաչել են նրան:
Մեր խորին վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում պարոն Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլորին, ովքեր սգում են նրա կորուստը։
Հրաչիկ Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը՝ 18:00-20:00, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 12:30-ին, նույն վայրից»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: