Բաժիններ՝

ՀՌՀ-ն դատապարտել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ստեղծագործական խմբի վրա հարձակումը

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը դատապարտել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ստեղծագործական խմբի վրա Հովտաշատ գյուղում կատարված հարձակումը:

«Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 24-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ստեղծագործական խմբի վրա Հովտաշատ գյուղում կատարված հարձակումը: Հանձնաժողովը կարեւորում է քրեական հետապնդման իրականացումը տվյալ միջադեպի կապակցությամբ եւ հույս է հայտնում, որ հարձակման հրահրիչներն ու իրականացնողները կկրեն օրենքով նախատեսված պատիժը: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու լրագրողների հանդեպ բռնությամբ ուղորդվող այդ արարքի քննությունը:

Միաժամանակ, Հանձնաժողովը, որպես հեռուստառադիոընկերությունների գործունեությունը կարգավորող անկախ պետական մարմին, ցանկանում է հրավիրել հեռարձակող ընկերությունների ղեկավարների ուշադրությունը հետեւյալի վրա: Երբ խմբագրության հանձնարարությամբ լրագրողները մեկնում են լուսաբանելու կոնֆլիկտային իրավիճակներ եւ կարող են հայտնվել թշնամաբար տրամադրված մարդկանց միջավայրում, ուստի հեռարձակվող լրատվամիջոցների պատասխանատուները պարտավոր են նախապես ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները լրագրողների անձնական անվտանգությունն ապահովելու համար: Այդպիսի միջոցների թվում են իրավապահ մարմիններին նախապես տեղեկացնելը, լրագրողների նախնական հրահանգավորումը, իրավաբանների ուղեկցությունը եւ այլն:

Հանձնաժողովը նաեւ կարեւորելով հեռարձակող լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը, կոչ է անում հեռարձակվող լրատվամիջոցների սեփականատերերին, բաժնետերերին չմիջամտել լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը, չօգտագործել լրատվամիջոցները որպես սեփական տնտեսական շահերի սպասարկման գործիք, առավել եւս երբ այդպիսի մտադրությունները կարող են վտանգել լրագրողների անվտանգությունը:

Հանձնաժողովը հույս ունի, որ այժմ մշակվող տեսալսողական ծառայությունները կարգավորող օրենքի նախագծում տեղ կգտնեն այն իրավական նորմերը, որոնք կապահովեն հեռարձակվող լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկությունը, եւ էականորեն կնվազեցնեն խմբագիրների եւ լրագրողների վրա ոչ իրավաչափ ճնշումների եւ պարտադրանքի հնարավորությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս