«Թուրքական հոսքով» գազի մատակարարումները կսկսվեն մի քանի օրից. Միլլեր
«Թուրքական հոսք» նոր արտահանական խողովակաշարով ռուսական գազի մատակարարումները կսկսվեն արդեն մի քանի օրից: Այդ մասին հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ելույթ ունենալով նախամանորյա սելեկտորային խորհրդակցությանը:
«Թուրքական հոսքի» հանդիսավոր բացման արարողությունը, ինչպես սպասվում է, տեղի կունենա հունվարի 8-ին Ստամբուլում՝ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ:
«Մի քանի օր հետո մենք ձեզ հետ կսկսենք գազի մատակարարումները «Թուրքական հոսք» ծովային գազատարով եւ առջեւում ունենք «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության ավարտումը»,-ասել է Միլլերը, որի խոսքը մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը: «Նոր ծովային մայրուղիները կմեծացնեն եվրոպական տարածաշրջանի էներգետիկական անվտանգությունը: Եվ Եվրոպային կօգնեն իրագործելու բնապահպանական նպատակները»,-հավելել է նա: «Թուրքական հոսքը» բաղկացած է երկու ուղեգծից՝ յուրաքանչյուրը ծովային հատվածում 15,75-ական միլիարդ խորանարդ մետր հզորությամբ:
Առաջինը նախատեսված է Թուրքիայի սպառողներին մատակարարելու համար, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: