«Ոստիկանը պետք է օրենքով նախատեսված բոլոր լիազորություններն օգտագործի հանցավոր տարրերին հայտնաբերելու համար». Արման Սարգսյան
Դեկտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի և տարածքային վարչությունների պետեր։
Արման Սարգսյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց վերջերս գրանցված սպանությունների, սպանության փորձերի, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի բացահայտումների ու կանխման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող միջացառումների վրա։
Կարևորվեց անչափահասների մոտ պահվող սառը զենքերի, տարբեր տեսակի սուր-կտրող-ծակող գործիքների հայտնաբերման և այդ ուղղությամբ ծնողների շրջանում ու ուսումնական հաստատություններում իրականացվող միջոցառումների պատշաճ անցկացումը։Մտահոգիչ հիմնախնդիր է նաև բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը տարածքային ստորաբաժանումներին հանձնարարեց ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ հանցագործությունների կանխարգելման աշխատանքները։
Ցուցում տրվեց իրականացնել միջոցառումներ՝ հայտնաբերելու և առգրավելու բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը, ձեռք բերել օպերատիվ տեղեկություններ, վերլուծել դրանք, և կատարել համապատասխան գործողություններ։
Արման Սարգսյանը խոսելով սրտացավ, բարեխիղճ ծառայության մասին՝ նշեց, որ ոստիկանը պետք է օրենքով նախատեսված բոլոր լիազորություններն օգտագործի հանցավոր տարրերին հայտնաբերելու և արդարադատության առաջ կանգնեցնելու համար։ Իսկ եթե կլինեն իրենց կոչմանն ու առաքելությանը դավաճանող ծառայողներ՝ կենթարկվեն պատասխանատվության։