
«Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի «Ստամբուլ» ջրանցքի վրա». Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բոսֆորի նեղուցով նավերի անցման ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի Սեւ եւ Մարմարայի ծովերի միջեւ նախագծվող «Ստամբուլ» ջրանցքի վրա։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման հայտամրցույթ անցկացնելու մտադրության մասին, ջրանցք, որը, նրա կարծիքով, «կվերացնի Բոսֆորում բնապահպանական եւ տեխնածին աղետների սպառնալիքը»: Ստամբուլի քաղաքագլուխ Էքրեմ Իմամօղլուն հանդես է գալիս այդ նախագծի դեմ եւ հանրաքվե անցկացնելու կոչ է անում:
«Մենք «Ստամբուլ» ջրանցքը դիտում ենք որպես Բոսֆորի այլընտրանք: Այն ոչ մի կապ չունի Մոնտրյոյի հետ: Ջրանցքը կաշխատի որպես Թուրքիայի ջրային մայրուղի»,- հայտարարել է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայում կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարների առջեւ:
Մոնտրյոյի կոնվենցիան սահմանում է Սեւ ծովի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների ռեժիմը: Կոնվենցիան բոլոր երկրների նավերի համար պահպանում է նեղուցներով անցնելու ազատություն ինչպես խաղաղ, այնպես է ռազմական ժամանակ: Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը տարբեր է սեւծովյան եւ ոչ սեւծովյան պետությունների նկատմամբ: Ոչ սեւծովյան տերությունների ռազմանավերի համար սահմանված են մնալու դասի եւ ժամկետի էական սահմանափակումներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: