Պեսկովը գնահատել է «նորմանդական ձևաչափի» օրինակով Վրաստանի հետ երկխոսության գաղափարը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «նորմանդական ձեւաչափի» օրինակով Ռուսաստանի հետ երկխոսության Վրաստանի գաղափարը, նշել է, որ այդ ձեւաչափը եզակի է եւ ստեղծվել է Ուկրաինայի համար, մինչդեռ Վրաստանի դեպքում խնդիրների կառուցվածքն այլ է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Նորմանդական ձեւաչափը» եզակի է, այն ձեւավորվել է՝ ելնելով Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության, ներուկրաինական հակամարտության կարգավորման անհրաժեշտության տրամաբանությունից: Իսկ այստեղ խոսքը վերաբերում է Ռուսաստանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերություններին… Խնդրի կառուցվածքն այլ է, ուստի յուրաքանչյուր կառուցվածք պետք է ունենա իր ձեւաչափը»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է ՌԴ-ի հետ երկխոսությունը վարել «նորմանդական ձեւաչափի» օրինակով: «Մենք կարող էինք դիտարկել բանակցությունները «նորմանդական ձեւաչափի» օրինակով վարելու հնարավորությունը, որտեղ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում ներկայացված կլիներ իր գործընկերների հետ միասին, քանի որ միայն մենք բանակցություններ վարելու ուժ չունենք: Որպեսզի բանակցություններն արդյունք տան, հարկավոր է լինել հավասար վիճակում: Մեզ աջակցություն է հարկավոր»,- նշել է հանրապետության նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե պետք է արդյոք բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: Վրացական պետության ղեկավարը վստահ է, որ հարկավոր է օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի բեկում տեղի ունենա Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների շուրջ ստեղծված իրադրության մեջ: «Բոլորը պետք էլավ հասկանան՝ ոչ երկխոսությունը, ոչ բանակցությունները որեւէ զիջում չեն ենթադրում»,- ընդգծել է նա:
Դրա հետ մեկտեղ Զուրաբիշվիլին գտնում է, որ ժնեւյան քննարկումների ձեւաչափը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումները հարկ է պահպանել: