Բաժիններ՝

Բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ ազգականի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի թափանցող, ուղիղ և բարակ աղիքների վնասումով կտրած-ծակած» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 34-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ.նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքում բնակվող ազգականի տանը ծագած վիճաբանության ժամանակ:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նաև միջադեպի հանգամանքները, այդ թվում շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է` ծնված 1991 թվականին: Հանցագործության գործիք հանդիսացող դանակը առգրավվել է:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս