Վրաստանի արվեստի գործիչները բաց նամակ են հղել երկրի իշխանություններին
Վրաստանի արվեստի նշանավոր գործիչները բաց նամակ են հղել հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիային, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին եւ խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեին եւ հորդորել են ստեղծել մշակույթի նախարարություն՝ որպես առանձին գերատեսչություն: Ներկայում Վրաստանում գործում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
«Այնպիսի գերատեսչությունների միավորումը, ինչպիսին են կրթությունը եւ գիտությունը, մշակույթն ու սպորտը, էականորեն սահմանափակել է Վրաստանում մշակույթի զարգացման հնարավորությունները, քանի որ մշակույթի ոլորտի մեջ մտնող բոլոր ճյուղերին, իրենց հերթին, հարկավոր է լուծել բազմաթիվ ինստիտուցիոնալ, ֆինանսական ու իրավական խնդիրներ»,-ասված է Imedi հեռուստաալիքի կողմից հրապարակված ուղերձում:
Նամակն ստորագրել են արվեստի այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ ռեժիսորներ Ռոբերտ Ստուրուան, Էլդար Շենգելայան, Թեմուր Չխեիձեն, կոմպոզիտորներ Նիկոլոզ Ռաչվելին, Դաթո Էվգենիձեն, դերասաններ Կախի Կավսաձեն, Նինելի Չանկվետաձեն, Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային բալետի տնօրեն Նինո Սուխիշվիլին եւ շատ ուրիշներ: Մշակույթի առանձին նախարարություն ստեղծելու օգտին հանդես են եկել նաեւ Վրաստանի թատերական ընկերությունը, Նկարիչների միությունը, Ճարտարապետների միությունը, Կոմպազիտորների միությունը եւ ուրիշներ, հաղորդել է Sputnik-ը: