Սերժ Սարգսյանի գործով դատախազը դիմում գրելու խիստ անձնական պատճառ է ունեցել. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հրապարակ» թերթն այսօր, անանուն աղբյուրներին հղում կատարելու մանիպուլյացիոն հնարքն օգտագործելով և ցանկալին իրականության տեղ հրամցնելով, փորձել է սենսացիա հնարել գործնականում ոչնչից՝ գրելով, թե «Սերժ Սարգսյանի եւ Գեւորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից»՝ իբրև «փաստարկ» ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության դատախազներից մեկի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատումը:
Նախ՝ ինչպես դատախազների՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատումը, այնպես էլ նոր դատախազների նշանակումն ու համակարգի համալրումը բնական և օրինաչափ գործընթաց է: Ընդ որում՝ նշված դատախազը դիմում գրելու խիստ անձնական պատճառ է ունեցել, որը, բնականաբար, հրապարակման ենթակա չէ:
Նման երևակայությամբ կարելի է ցանկացած դատախազի պաշտոնից ազատումը կապել նրանց կողմից հսկվող կամ չհսկվող այս կամ այն քրեական գործի և դրանցով այս կամ այն կարգավիճակով անցնող անձանց հետ:
Երրորդ՝ տարօրինակ է դատախազների՝ իրենց վարույթին հանձնված քրեական գործերից այսպես կոչված մասսայական հրաժարումների պատրանք ստեղծել և որպես «ապացույց» ներկայացնել մեկ դատախազի աշխատանքից ազատումը:
Եվ վերջապես երրորդ՝ անիմաստ ժամավաճառություն է երևակայության նույն թռիչքով դատողություններ անել որևէ մեկի դեմ գլխավոր դատախազի կողմից քրեական գործեր հարուցելու և ավարտին հասցնելու շռայլ խոստումներ տալու մասին: Ոչ միայն համոզիչ չէ, այլ նաև մատնում է նման հրապարակումների ետևից երևացող «ականջները»:
Ի հեճուկս հեղինակի, վստահեցնում ենք, որ բոլոր դատախազներն այսօր աշխատում են օրենքին տառին համապատասխան և բարձր պատասխանատվությամբ»:
«Հրապարակ» թերթն այսօր, անանուն աղբյուրներին հղում կատարելու մանիպուլյացիոն հնարքն օգտագործելով և ցանկալին իրականության…
Gepostet von Gor Abrahamyan am Mittwoch, 25. Dezember 2019