
Ֆիլիպիններում առնվազն 16 մարդ է զոհվել «Ֆանֆոն» թայֆունի պատճառով. AFP

Ֆիլիպիններում առնվազն 16 մարդ է զոհվել «Ֆանֆոն» թայֆունի պատճառով: Դեկտեմբերի 26-ին այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Reuters գործակալության տվյալներով՝ ավելի քան 4 հազար մարդ է տարահանվել Արեւելյան Վիսայայի տարածաշրջանից: Տարերային աղետի հետեւանքով չեղարկվել է առնվազն 60 ներքին ավիաչվերթ, 157 նավ չի կարողանում դուրս գալ ծով, 20 հազարից ավելի ուղեւորներ մնում են նավահանգիստներում: Տեղական զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ անցած գիշեր թայֆունն ավերել է շուրջ 100 տուն:
«Ֆանֆոնի» սահմաններում քամու արագությունը հասնում է վայրկյանում 41,7 մետրի: Այն անցնում է «Հայան» թայֆունի հետագծով, որը 2013 թվականին ավելի քան 6,3 հազար մարդու կյանք խլեց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: