
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են 24 մլն եվրոյով գնել խոհանոցում գտնված նկարը

Ֆրանսիայի իշխանություններն արգելել են երկրից դուրս տանել ֆլորենցիացի գեղանկարիչ Չիմաբուեի «Քրիստոսի ծանակումը» նկարը։ Ինչպես ասված է Ֆրանսիայի մշակույթի նախարարության հայտարարության մեջ, ազգային սեփականության հանձնաժողովի հանձնարարականով նախարարության ղեկավարն արգելել է նկարի արտահանումը մինչեւ 30 ամիս ժամկետով: Այդ ընթացքում նախարարությունը պլանավորում է հանգանակել 24 միլիոն եվրո եւ գնել գործը՝ Լուվրում այն Չիմաբուեի մյուս նկարի կողքին կախելու համար:
«Քրիստոսի ծանակումը» Վաղ Վերածննդի շրջանի գլուխգործոց է: Հեղինակը՝ Չիմաբուե («Ցլագլուխ») կեղծանվամբ հայտնի նկարիչը, համարվում է այդ շրջանի կարեւորագույն գեղանկարիչներից մեկը:
Կտավն ստեղծվել է ենթադրաբար 1280-ական թվականներին: Չիմաբուեի գործը գտել են Փարիզից 90 կիլոմետր հյուսիս գտնվող Կոմպիեն քաղաքում՝ մի տարեց կնոջ տանը: Այն խոհանոցում կախված է եղել սալօջախի վերեւում: Հոկտեմբերին կտավը 24 միլիոն եվրոյով վաճառել են աճուրդում, հաղորդել է BBC-ն: