
Թրամփը «Տանը մենակ-2» ֆիլմը համարել է Ծննդյան տոների մեծագույն հիթերից մեկը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Տանը մենակ-2» (Home Alone 2, 1992) ֆիլմը, որտեղ նա ինքն էպիզոդիկ դեր է խաղացել, համարել է Ծննդյան տոների մեծագույն հիթերից մեկը: Այդ գնահատականը նա տվել է դեկտեմբերի 24-ին՝ պատասխանելով ամերիկացի զինծառայողների հարցերին հեռուստախորհրդակցության ժամանակ, որը կազմակերպվել էր Ֆլորիդայի նահանգում նրա Մար օ Լագո կալվածքում, ուր նա ժամանել է Ծննդյան տոների արձակուրդին։
Զինվորականներից մեկը նրան հարցրել է, թե «Տանը մենակ-2»-ն արդյոք Ծննդյան տոների նրա ամենասիրած ֆիլմն է: «Դե, ես նկարահանվել եմ «Տանը մենակ-2»-ում,- պատասխանել է նախագահը:- Շատ մարդիկ հիշում են դա, առանձնապես Ծննդյան տոներին»:
«Դա լավ ֆիլմ է: Ես փորք-ինչ երիտասարդ էի, մեղմ ասած: Ինձ համար պատիվ էր մասնակցել դրան: Եվ դա, անշուշտ, մեծ հիթ դարձավ: Դա Ծննդյան տոների մեծ հիթ է, մեծագույններից մեկը»,- հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը:
Այդ ժամանակ հաջողակ գործարար եւ հեռուստածրագիր վարող Թրամփը «Տանը մենակ-2» ֆիլմում խաղացել է ինքն իրեն: Էկրանին նրա հայտնվելը տեւում է 10 վայրկյանից ոչ ավելի, որի ընթացքում նա հասցնում է գլխավոր հերոսին ցույց տալ, թե ինչպես անցնի հյուրանոցի սրահ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: