«Արմեն Թավադյանը Քոչարյանի ընկերն է, նրա ընտանիքի բարեկամը». Վիկտոր Սողոմոնյան

«Այսօր լրանում է 365-րդ օրը, ինչ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Երեկ ձերբակալվել է նաև  «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, որը Քոչարյանի ընկերն է, նրա ընտանիքի բարեկամը, ուստի այսօր այստեղ կհնչի նաև Քոչարյանի ուղերձը՝ ուղղված իր բոլոր աջակիցներին ու բոլոր բարեկամներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ օրեր առաջ, երբ հրապարակում եղավ այն մասին, թե իբրև Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը փորձել է ցուցմունք փոխել, դա արդեն փաստում էր այն մասին, որ ինչ-որ գործողության նախապատրաստություն է տեղի ունենում։

«Օդում կախված լուրեր կային, որ այդ տեսանյութն արվել է նաև պարոն Թավադյանի, նրա ընտանիքի անդամների դեմ։ Հիմա պարոն Թավադյանի մասով դա իրականություն դարձավ։ Այն կոշտ արձագանքը, որը կար մշակույթի գործիչների ստորագրությունների հետ կապված՝ պայմանավորված էր բացառապես մեկ բանով, որ իշխանությունն առաջին իսկ օրվանից տարածում էր կեղծ առասպել առ այն, որ հասարակությունն ամեն գնով ցանկանում է, որպեսզի պատժվի Երկրորդ նախագահը։ Բայց այսքան մեծ թվով մարդկանց աջակցությունը ցույց է տալիս, որ այդ ամենը կեղծիք է, և պարոն Քոչարյանը մեծ հեղինակություն է վայելում հասարակության մեջ, դրա համար էլ իշխանությունները փորձում են ամեն ինչ անել։ Գիտեմ, որ զանգահարել են բազմաթիվ մարդկանց, փորձել են ահաբեկել, արվեստի գործիչների վրա է հարձակվել ֆեյքերի հսկայական բանակ՝ փորձելով նրանց ամոթանքներ տալ»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը։
Նա վստահեցրեց, որ արվեստի գործիչները շատ լավ հասկանում են, որ իրենց հայհոյողները ժողովուրդ չեն, այլ նրանց հետևում կանգնած են վարձկաններ, որոնք պարզապես այդ գործն անում են։

Ըստ նրա՝ պետք է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնեն և երկրում վերականգնեն իրավակարգը։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ այս պահին կուսակցության հստակ նախագիծ չկա: «Սակայն քաղաքական կյանքին մասնակցելու հիմնական ձևերից մեկը քաղաքական միավորն է։ Կարծում եմ՝շատ տրամաբանական կլինի, որ կուսակցություն ստեղծվի, բայց այս պահին, որքանով ինձ հայտնի է, նման նախագիծ քննարկման դրված չէ»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։

Տեսանյութեր

Լրահոս