«Երբեք թիկնապահով չեմ շրջել, դրա խնդիրը չունեմ, այսօր՝ առավել ևս». Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, վստահ է, որ հոր հետ կապված կեղծիքը մի օր ավարտվելու է։

«Վստահ ենք, որ որևէ սխալ բան չի արվել, մենք հո գիտե՞նք այդ մեղադրանքների փուչ լինելը։ Ի վերջո, այս կեղծիքն ինչ-որ տեղ ավարտվելու է, հնարավոր է ինչ-որ ժամանակ խաբել մարդկանց, մոլորեցնել նրանց, բայց դա երկար կյանք չի կարող ունենալ։ Այս հսկա ու կեղտոտ հարձակումներն ու իշխանության կողմից ուղղորդված այս արշավները վկայում են այն մասին, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը որևէ բանի առաջ չի ուզում կանգ առնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Նա վստահեցրեց, որ Երևանի փողոցներով երբևէ թիկնապահներով չի շրջել, քանի որ երբեք դրա խնդիրը չի ունեցել, հանգիստ կարողանում է շրջել իր երեխաների և կնոջ հետ։

«Երբեք խնդիր չեմ ունեցել, հիմա՝ առավել ևս։ Հիմա ինձ այն է հուսադրում, որ փողոցում կարող են հանդիպել մարդիկ ու խոստովանել, որ ժամանակին հավատացել են կեղծիքին ու հիմա իրենց վատ են զգում։ Այս ամենն ինձ հույս է տալիս, և մենք հետևողականորեն շարունակելու ենք նույն գիծը և միանշանակ ունենալու ենք հաջողություն»,- նշեց Լևոն Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս