
Բնակարանում հայտնաբերվել են ընտանիքի 4 անդամների դիեր. օպերատիվ քննչական խումբը տեղում է

Ալավերդու բժշկական կենտրոնի Շտապօգնության ծառայությունը դեկտեմբերի 25-ին կանչ է ստացել, Շտապօգնության բրիգադը բնակարանում հայտնաբերել է ընտանիքի 4 անդամների դիեր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Շտապօգնության կանչ ընդունող բուժքույր Լուսինե Անթառանյանը:
«Կանչն ընդունել եմ իրենց հարևաններից, եկել են հենց հիվանդանոց, ասել, որ կանչ կա: Շտապօգնության բրիգադը գնացել, հայտնաբերել է դիեր: Ինձ հաղորդում են տվել, որ դիեր կան, ես զանգահարել եմ ոստիկանություն»,-ասաց Անթառանյանը:
Նրա խոսքով՝ հարևանները որևէ վարկած չեն նշել։
ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Ալավերդու Շտապօգնության կայանից ստացել են ահազանգ, որ Սանահին, Սարահարթի 2-րդ թաղամասի երկրորդ շենքի 38 բնակարանի բնակիչները մահացած են եղել: «Այս պահին օպերատիվ քննչական խումբը տեղում է: Եղել է ընտանիք՝ 4 հոգի՝ ամուսիններ և իրենց անչափահաս երեխաները»,-հայտնեցին ոստիկանությունից: