Բաժիններ՝

ԱԱՏՄ-ն հորդորում է հատուկ ուշադրություն դարձնել հյուրանոցների սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին

Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։

Դրանց պահպանումը թույլ կտա կանխել վարակների տարածումը եւ հանգիստը լիարժեք անցկացնել։

«Միաժամանակ, իրազեկելու նպատակով քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հյուրանոցներում սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին առնչվող մի շարք նորմերի վրա։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական և համաճարակաբանական նորմերի ու կանոնների պահանջների համաձայն, մասնավորապես, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում պարտադիր պետք է առկա լինեն առաջին բուժօգնության արկղիկներ:

 

  • Ծխելը չարգելող սրահներում պետք է անխափան գործի օդափոխիչ համակարգը,
  • Օրական մեկ անգամ պետք է իրականացվի սենյակների մաքրում,
  • Անկողնային սպիտակեղենը պետք է փոխվի ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ,
  • Կենցաղային աղբը պետք է կուտակվի կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում,
  • Հյուրանոցային համարներում սրբիչները պետք է փոխվեն ամեն օր,
  • Յուրաքանչյուր զուգարանակոնքին կից պետք է տեղադրված լինի մաքրման խոզանակ` ախտահանիչ լուծույթով տարայում։

Հյուրանոցային օբյեկտներում մի շարք վարակների տարածման ամենահավանական հատվածներից են լողավազաններն ու բաղնիքները։ Այս առումով  ԱԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարական և   համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությանը։

  • Ավազանի ջուրը պարտադիր պետք է վարակազերծված լինի,
  • Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-260C պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30,
  • Մեծահասակների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 5,0-8,0 մ2 է, երեխաներինը՝ 4,0- 5,0 մ2,
  • Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,
  • Լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,
  • Լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,
  • Լողավազանի բուժշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար,
  • Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ,
  • Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։

Խնդիրների հայտնաբերման կամ անհանգստացնող հարցերը պարզաբանելու համար հարկ է դիմել հյուրանոցի տնօրինությանը։

Հիշեցնում ենք՝ տնտեսվարողը պարտավոր է հետևել օբյեկտի լուսավորությանը, օդափոխությանը, ջեռուցմանը, միկրոկլիմային, աղմուկին, գույքի շահագործմանը և սանիտարական ռեժիմին ներկայացվող պահանջներին։

Հյուրանոցային տնտեսություններում սանիտարական և   համաճարակաբանական նորմերի ու կանոնների պահանջների հնարավոր խախտումները կանխելը տնտեսվարողներին հնարավորություն կտա խուսափել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումից»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս