
Արմեն Թավադյանի դեմ քրեական հետապնդումը տպավորություն է թողնում, որ փորձում են ներազդել «5-րդ ալիք»-ի վրա. «Քառյակ մեդիա»

«Քառյակ մեդիա»-ի հիմնադիրներ Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադարձել են «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։
Հայտարարությունում ասվում է. «Անկախ ԶԼՄ-ի սեփականատիրոջ հանրային դիրքն այնպիսին է, որ չկայացած ժողովրդավարություններում ցանկացած քաղաքական իշխանություն կարող է գայթակղություն ունենալ «իրավական» գործիքակազմով ներազդել այդ անձանց վրա՝ իրական թիրախ ունենալով բուն լրատվամիջոցը:
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին լուրերը, առնվազն, նման տպավորություն են թողնում։ Հանրային իշխանությունների կողմից լրատվամիջոցների ազատությունը խոչընդոտող կամ այն կասկածի տակ դնող որևէ գործողություն դատապարտելի է և պիտի արժանանա հանրության աներկբա դիմադրությանը»: