«Ուրախ եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան իր «պլանքյաշությունը» փորձելու է հերքել դատարանում». Նարեկ Սամսոնյանը՝ իրեն դատի տալու մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

ԱԺ նախագահը վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել։

Գործը մակագրված է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։

168.am-ի հետ զրույցում Նարեկ Սամսոնյանն ասաց, որ րոպեներ առաջ է իմացել, որ Արարատ Միրզոյանն իրեն դատի է տվել։

«Ազնվությամբ, սա ինձ համար լավագույն ամանորյա նվերն էր, շնորհակալ եմ Արարատ Միզոյանին։ Շատ ուրախ եմ, որ մենք դատարանում ենք լինելու, որտեղ պետք է տեղի ունենա դատական վեճ՝ արդյո՞ք Արարատ Միզոյանը «պլանքյաշ» է, թե՞ ոչ, կամ ինչո՞ւ է նա իրեն «պլանքյաշ» համարում, ամեն դեպքում, ես «պլանքյաշ» դառնալու մասին եմ խոսել, այլ ոչ թե նրան այդպես եմ համարել։ Ինչևէ, կարծում եմ՝ հետաքրքիր դատավարություն է սպասվում։ Ուրախ եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան իր «պլանքյաշությունը» փորձելու է հերքել դատարանում»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Նա վստահեցրեց, որ երբեք չի եղել ու չի լինելու զոհի կարգավիճակում, և իրեն դուր է գալիս այն, ինչ անում է։

Ըստ նրա՝ այն, ինչ այժմ կատարվում է, ուղղակի քաղաքական հետապնդում է ազատ խոսքի նկատմամբ։
«Այդ մարդիկ միայն դա կարող են անել, նրանցից ավելին սպասել պետք չէ, պատրաստ եմ ընդունել մարտահրավերը, չեմ լռելու ու ավելի շատ եմ խոսելու, որքան էլ փորձեն ինձ նման բարձր մակարդակով լռեցնել»,- եզրափակեց Նարեկ Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ այս մասին մոտավորապես մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արարատ Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս