Թուրքիան 17 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը
Թուրքիան ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում 17 մլն դոլարի չափով դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում հատկացվում են միջոցները, ստորագրվել է Անկարայում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Խուլուսի Աքարի միջեւ կայացած բանակցություններից հետո:
Հանդիպմանը Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Աքարին Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար, ինչպես նաեւ նշել է Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացում: Բանակցություններում քննարկվել են պաշտպանության ոլորտում վրաց-թուրքական համագործակցության խորացման ուղիները, ինչպես նաեւ Ադրբեջանի մասնակցությամբ համագործակցությունը եռաչափ ձեւաչափով, նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Գրուզիա Online»-ը: