Բաժիններ՝

«Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհը մարվել է, իսկ «Պատ քար» կոչվող հանդամասի հրդեհը՝ մեկուսացվել

Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Պատ քար» կոչվող հանդամաս է մեկնել 79 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 15:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է ավտոճանապարհից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Բլդղանուտ» հանդամասի ձորում, մոտեցման ուղիներ չկան. անտառտնտեսության աշխատակիցները տեղում աշխատում են:

Ժամը 17:28-ին թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող «Համզա» կոչվող հանդամասում նկատվում է այլ հրդեհի օջախ: Փրկարարները ոտքով մոտեցել են «Համզա» հանդամասում բռնկված հրդեհի վայր: Պարզվել է, որ այրվում են խոտածածկ տարածք և մացառուտ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել՝ 18:53-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և 1000 քմ մացառուտ: Ժամը 20:45-ին կապ է հաստատվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի հետ, ով տեղեկացրել է, որ մոտ 4000 քմ տարածքում այրվում են թափված տերևներ:

Դեկտեմբերի 23-ին, ժամը 09:23-ին «Բլդղանուտ» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:14-ին «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Նշված տարածքներում մի քանի տեղամասով իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:

«Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել` 17:02-ին:

Այրվել են մոտ 2 հա անտառամիջյան չոր տերևներ, մացառուտ, փայտի թափուկներ և 5 կաղնենի: Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են Գանձաքար գյուղի 10 բնակիչ: Ժամը 18:04-ին «Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 08:04-ին «Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

«Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:55-ին:

Մոտ 3 հա տարածքում այրվել են փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ:

Վերոնշյալ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս «Պատ քար» կոչվող հանդամասում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

«Պատ քար» կոչվող հանդամասի հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին: Տվյալ հանդամասում այրվել են մոտ 5000 քմ փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ: Ժամը 18:45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 135 փրկարար, Գանձաքար գյուղի 4 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի 11 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս