Բաժիններ՝

«Վրաստանի քաղաքական գործիչները պետք է խնդիրները լուծեն առանց օտարերկրացիների միջամտության». Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկություն է հայտնել, որ երկրի քաղաքական գործիչները կարողանան երկխոսություն վարել առանց արտասահմանյան դիվանագետների միջամտության։

Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Վրաստանում խիստ սրվել է քաղաքական իրադրությունը: Ընդդիմությունը բողոքի աղմկալի ակցիաներ է անցկացնում նախեւառաջ ընտրական համակարգի փոփոխման պահանջով, իսկ իշխանությունները շարունակում են պնդել իրենցը: Բանակցությունների սեղանի շուրջ նստել է հաջողվել միայն արտասահմանցի դիվանագետների միջնորդությամբ:

«Ես մտահոգություններ ունեմ դրա պատճառով, քանի որ համարվում է, որ դա հին նեոգաղութատիրական մոտեցման շարունակությունն է: Ավելի լավ կլիներ, եթե մենք ինքներս լուծեինք խնդիրները, քան ամեն ինչում օտարերկրացիների ներգրավման կարիքն ունենայինք»,- ասել է Զուրաբիշվիլին Առաջին ալիքում «Ազատ հայացք» հաղորդման ընթացքում:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «եթե օտարերկրյա դեսպանները ինչ որ բանի հասնեն, ես դա կողջունեմ, քանի որ այժմ գլխավորը արդյունքի հասնելն է, այլ ոչ թե այն՝ ով դրան կհասնի»:
Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել է երկրում բեւեռացման եւ «տոտալ քաղաքական պատերազմի» վտանգի մասին:

«Մենք տեսնում ենք՝ ինչպես է բեւեռացումը քայքայում ու թուլացնում պետությունը: Ես փորձում եմ չմտնել այդ դիմակայության մեջ, քանի որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս մնա տոտալ քաղաքական պատերազմից, որպեսզի թիրախ չդառնա եւ որպեսզի նրա հետ միասին թիրախ չդառնա պետությունը»,- ասել է Վրաստանի նախագահը, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս